Լրահոս

05.10.2010 15:17


Քննարկվել է «Ժառանգության» ներկայացրած նախագիծը

Քննարկվել է «Ժառանգության» ներկայացրած նախագիծը

-Հիրավի այսօր օրակարգում դրված է համազգային մի հարց։ Այս օրենքի ընդունմամբ Հայաստանն իրավամբ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետև այն պարունակում է ինքնիշխան պետականության բոլոր բաղադրիչները։ Այս օրինագիծը իրավաբարոյական է, հիմնադրույթը նաև քաղաքական է. ինքնիշխան, անկախ Հայաստանը պետք է ինքը բացահայտի իր քաղաքականությունը։ Ժամանակն է իրավական, քաղաքական, բարոյական հիմքը դնել Հայաստան-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հարաբերությունների։ Այո՛, սա ուշացել է, սա պետք է անեինք 88-ին, 94-ին։ ԼՂՀ-ն արժանի է ճանաչման։ Անհրաժեշտ է, որ Հայաստանն առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Կոչ եմ անում բոլորին միասնականության,-խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության  ներկայացրած Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ նախագծի վերաբերյալ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Արձագանքելով այս ելույթին՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասել է. «Դուք շատ լավ գիտեք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դիրքորոշումը, ակնկալիքները ո՞րն են, արդյոք ակնկալում եք դիրքորոշման փոփոխությո՞ւն»։

Պատասխանելով Ս. Նիկոյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե, այո՛, իրենք հույս ունեն, որ ինչ-որ բան իսկապես կփոխվի, և կկարողանան թացը չորից տարբերել ու կհասնեն միասնական տեսակետի։ Ր. Հովհաննիսյանը նշել է, թե այդ իրավունքն իրենց ընձեռված է կանոնակարգով, և ըստ իրեն՝ մեծամասնությունը ևս կարևորելով ընդդիմության դերը, պետք է ողջունի այս նախաձեռնությունը։

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկայացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և իշխող քաղաքական ուժի տեսակետը՝ ասել է, թե իրենք կարծում են, որ այդ նախագծի քննարկումը ժամանակավրեպ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը