Լրահոս

25.11.2009 14:47


Գագիկ Բեգլարյանը և Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, համալրեն ՀՀԿ գործադիր մարմինը

Գագիկ Բեգլարյանը և Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, համալրեն ՀՀԿ գործադիր մարմինը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր «Ազդակ» ակումբում ասել է, որ նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ համագումարից առաջ կուսակցությունում ճեղքեր փնտրել պետք չէ։ Սակայն տեղեկացրել է, որ հնարավոր է՝ 12 հոգուց բաղկացած ՀՀԿ գործադիր մարմինն ընդլայնվի, և փակ-գաղտնի քվեարկության ժամանակ այն համալրեն նաև ՀՀ վարչապետ, վերջերս այդ կուսակցության անդամ դարձած Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Նրանց, ինչպես նաև որոշ նախարարների հանրապետական դառնալը, այդուհանդերձ, Գ. Սահակյանը չի պայմանավորում մամուլում շրջանառվող այն տեսակետով, թե այդպիսով ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը։

-Հանրապետական կուսակցությունում Սերժ Սարգսյանը շատ ուժեղ է, և այնպես չէ, որ մարդիկ պետք է գան, որ ուժեղացնեն,- ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ իրենք կարող են օրերով բանավիճել, բայց իրենց կողմից ընտրված առաջնորդի խոսքն առաջնային է։

Նշենք նաև, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի մամուլի խոսնակները «7օր»-ին ասել էին, թե նախարարները հանրապետական դառնալու մտադրություն չունեն։ Սակայն, Գ. Սահակյանն այդպես էլ հստակ չի պատասխանել, թե ի՞նչ պատահեց այդ մի քանի օրվա ընթացքում, որ նրանք որոշեցին դառնալ հանրապետական։

-Պարզից էլ պարզ է. թիմի անդամ են, բնականաբար, այդպես ավելի նպատահարմար են գտնում, որ թիմի բոլոր գործառույթներին կարողանան մասնակցել,- ասել է նա՝ նշելով նաև, որ ովքեր գնում են ՀՀԿ, ընդամենը իրենցից մեկն են դառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը