Մեկնաբանություն

04.01.2016 23:00


Տարին սկսվում է հակասական զգացողություններ առաջացնող երևույթներով

Տարին սկսվում է հակասական զգացողություններ առաջացնող երևույթներով

2016–ը հակասական լուրերով ու երևույթներով է սկսվում։

Նախ՝ Նոր տարվա գիշերը «պատվերով» ձյուն եկավ։ Էլ ի՞նչ Ամանոր՝ առանց առատ ձյան։

Առատ ձյունը նաև լավ բերք է խոստանում ամռանը։ Սա լավ լուր է թե վատ՝ կերևա ամռանը և հատկապես աշնանը, երբ կսկսվի մթերման սեզոնը։

2015–ին գյուղացիներն ահագին դժվարություններ ունեցան իրացման հետ կապված։ Եթե այս տարի էլ ունենան, ապա առատ ձյունը, փաստորեն, անօգուտ կլինի։ Մի խոսքով, ձյունը հակասական տրամադրության տեղիք է տալիս։

Հակասական զգացմունքներ առաջացրեցին նաև այս տարվա, այսպես ասած, մերձքաղաքական լուրերը։

Ինչպես հայտնի է, ձյան վրա ընկել ու ոտքը կոտրել է Բաղրամյան պողոտայի «հերոս» և համատեղությամբ ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը։

Այսօր էլ պարզվեց, որ առատ ձյան պատճառով ճանապարհին է մնացել մեկ այլ կարկառուն ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանը։

Աշոտյանին վիրահատել են, իսկ Սահակյանին փրկարարներն ազատել են ձների միջից։

Լավ է, իհարկե, որ Աշոտյանը, իր իսկ գնահատմամբ, արդեն լավ է զգում, իսկ Գալուստն էլ դուրս է պրծել ձյան «ճիրաններից», բայց դատելով ֆեյսբուքահայության հսկայական հատվածի գրառումներից ու արձագանքներից՝ մարդկանց մոտ, այս պատմությունների հետ կապված, կան հակասական զգացողություններ (մեղմ ասած)։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ այդ հակասական զգացողությունների պատճառն Աշոտյանն ու Սահակյանը չեն, ավելի ճիշտ՝ միայն Աշոտյանն ու Սահակյանը չեն։ Պարզապես նրանք «խասիաթ» ունեն ոչ հարմար պահի հայտնվել ոչ հարմար տեղում և ընկնել ոչ հարմար պատմության մեջ։ Արդյունքում՝ թուքումուրը գալիս է նրանց վրա, այնինչ դրա իրական հասցեատերը լրիվ ուրիշ մարդ է։ Անունը չենք տալիս, բայց դե, բոլորն էլ գիտեն, որ դա «սլանյոնոկն» է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ում պետք է մի որևէ գրբաց գտնեն ու գնան նրա մոտ։ Ժողովրդի «չար» աչքից նրանց կփրկի միայն որակյալ գրբացը, որը կարող է շատ կոնկրետ խորհուրդ տալ։ Բայց ՀՀԿ–ական վերնախավը հազիվ թե լսի գրբացի խորհուրդը։ Նրանք սահմանադրական հանրաքվեն շատ կոնկրետ նպատակով են կեղծել, և ոչ մի խորհուրդ նրանց հետ չի պահի ծրագրված քայլերից։ Այնպես որ, միայն ՀՀ քաղաքացիները կարող են սրանց հարցերը լուծել։

Այս խորագրի վերջին նյութերը