Լրահոս

05.10.2010 16:33


Վահան Հովհաննիսյան. «Սա այն հարցը չէ, որտեղ կարելի է շահարկում անել»

Վահան Հովհաննիսյան. «Սա այն հարցը չէ, որտեղ կարելի է շահարկում անել»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խոսելով ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության  խորհրդարան ներկայացրած նախագծի մասին՝ հայտարարել է, թե իրենց կուսակցությունն ու խմբակցությունը նույնպես դեմ են եղել հարցն այս պահին քննարկելուն։

-Բազմիցս հայտարարել ենք, որ սա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել, հետո դեմ քավեարկել կամ ձեռնպահ քվեարկել։ Սա այն հարցն է, որ 131 պատգամավորը պետք է գան, այդ թվում նաև հիվանդները, մահացածները և բոլոր մնացածը, և քվեարկեն կողմ։ Սա այն հարցը չէ, որտեղ կարելի է շահարկում անել, բայց քվեարկությունն այլ բան է, քննարկումը՝ այլ։ Եվ եթե երկու կողմերի՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության համառության ու կոմպրոմիս գտնելու անընդունակության պատճառով ի վերջո հարցը հասավ քննարկման, և եթե պետք է քվեարկվի, ես հայտարարում եմ, որ ՀՅԴ խմբակցությունն ամբողջությամբ կողմ է քվեարկելու։ Սրանում թող կասկած չլինի, բայց ընդդիմությունը պետք է շատ լավ հասկանա, որ չի կարող բացարձակապես հաշվի չնստել իշխանության վարած քաղաքական կուրսի հետ, իշախանության  տեսակետի հետ։ Իշխանությունն էլ պետք է հասկանա, որ չի կարելի այս ձևով երկիր կառավարել, չի կարելի բոլորովին անտեսել ընդդիմության տեսակետը։ Սարսափելի բան չէր լինի, եթե բոլորի ստորագրությամբ հարցը մտներ օրակարգ, և քննարկումը լիրներ որպես վերջին միջոց։ Այս կոմպրոմիսին, սակայն, իշխանությունը չցանկացավ գնալ՝ ասելով, որ նպատակահարմար չէ ու վերջ։ Կարգին բացատրություն էլ չլսեցինք, թե ինչու նպատակահարմար չէ։ Այս իրավիճակը, այս անհանդուրժողականության փաստը տեղի չէր ունենա, եթե ժամանակին քաղաքական մեծամասնությունն ընդուներ մեր խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի առաջարկը՝ հայտարարությամբ հանդես գալ ԱԺ-ում ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու վերաբերյալ։ Դրանով ամեն ինչ ասված կլիներ առանց վտանգավոր  իրավական ձևակերպումների։ Չգնացին դրան, և ահա արդյունքը՝ քննարկում ենք այդ հարցը, և թե ինչ շահարկումներ կլինեն վաղը՝ մեղքը ձերն է,-հայտարարել է նա։

Նշենք նաև, որ որոշում է կայացվել հարցի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը