Մեկնաբանություն

12.01.2016 20:15


Ինչն է միավորում Մարդու իրավունքների պաշտպաններին

Ինչն է միավորում Մարդու իրավունքների պաշտպաններին

Եվ այսպես, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում գրեց։ Պարզ է, որ նա դա արել է ոչ ֆորմալ ճնշումների արդյունքում, այսինքն՝ նա ոչ թե հրաժարվել է պաշտոնից, այլ «հրաժարեցրել» են։

ԱԺ–ում տեղի ունեցած հայտնի քննարկումներից հետո Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը մենակ է, և չունի լրատվամիջոցներ, որոնք կպաշտպանեն իրեն հայտնի շրջանակներից։

Դատելով իշխանական մամուլի որոշ հրապարակումներից՝ Անդրեասյանը հեռացավ ներիշխանական, ավելի ճիշտ՝ ներընտանեկան «ռազբորկայի» արդյունքում։ Թե ինչ ենթատեքստ ունի այդ «ռազբորկան», այլ հարց է։ Փաստն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը մնաց անպաշտպան ու իր համար նախատեսված լիազորությունների ժամկետից շուտ լքեց դիրքը։

Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիքի է Անդրեասյանի գործունեության մասին՝ պետք է մտահոգվի պետական համակարգում տիրող այս բարքերից։

Ուշագրավ է, որ Անդրեասյանի նախորդներն էլ ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 2004–ին նշանակվել էր վեց տարի ժամկետով։ Սակայն 2005–ի նոյեմբերի 27–ին ընդունված նոր Սահմանադրությունից հետո նրա թեկնածությունն այլևս չառաջադրվեց։ Մինչև նոր պաշտպանի նշանակումը նա հեռացվել էր։ Այժմ Ալավերդյանն աշխատում է Սլավոնական համալսարանում և զբաղված է գիտակրթական գործունեությամբ։

Ալավերդյանին փոխարինեց Արմեն Հարությունյանը, ով նույնպես նշանակվել էր վեց տարի ժամկետով, սակայն 2006–ից հետո նա այդ պաշտոնին մնաց հինգ տարի։ 2011–ի փետրվարին Հարությունյանը հրաժարականի դիմում գրեց և մեկնեց արտերկրյա աշխատանքի։

Ու հիմա էլ Կարեն Անդրեասյանն է հրաժարականի դիմում գրել իր պաշտոնավարման հինգերորդ տարում։

Տարբեր էին Մարդու իրավունքների պաշտպանների անցած ճանապարհները, և տարբեր էին նրանց հեռանալու պատճառները, բայց ընդհանուր է նրանց մոտ այն, որ նախատեսված ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել։

Հետաքրքիր է, թե ինչքան կպաշտոնավարի նոր պաշտպանը։

Մեկ բան ակնհայտ է՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» պայմաններում ՄԻՊ–ը դառնում է կցորդ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը