Մեկնաբանություն

13.01.2016 11:50


Օբաման ցույց տվեց, թե ինչու է Թրամփը հանրահայտ

Օբաման ցույց տվեց, թե ինչու է Թրամփը հանրահայտ

Բարաք Օբաման Կոնգրեսում հանդես է եկել ավանդական ուղերձով։ Դա նրա վերջին ուղերձն էր ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Օբաման խոսել է ներքին ու արտաքին քաղաքականության մասին։ ԱՄՆ նախագահի շեշտադրումներն ու գնահատականներն այնպիսին էին, որ թողնում էին ուշ շրջանի բրեժնևյան ելույթների տպավորություն. ստանդարտ խոսքեր և իրականությունից կտրված բանաձևեր։

ԱՄՆ նախագահի ելույթից պարզ դարձավ, որ պաշտոնական Վաշինգթոնին մտահոգում են Ռուսաստանն ու Չինաստանը (որպեսզի այդ երկրները հանկարծ չխոչընդոտեն միջազգային ասպարեզում ԱՄՆ–ի հաստատած մենաշնորհային կարգավիճակն ու չփոխեն միաբևեռ աշխարհը), այլ ոչ թե միջազգային ահաբեկչության դեմ պայքարը։

Ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության ու մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր հանդիսացող ԱՄՆ–ը ցանկանում է մենաշնորհային դիրք ունենալ աշխարհում, ինչը հակասում է այն արժեքային համակարգին, որի համար այդ հզոր պետությունը պայքարում է։

Օբամայի ելույթի մեջ կարմիր գծով անցնում էր հակադրության, գերիշխանության, անհանդուրժողականության, համագործակցության մերժման ոգին, ինչպես նաև ամերիկացիների բացառիկության մասին թեզը, մինչդեռ այդ ամենը բացարձակապես կապ չունի ժողովրդավարության հետ, քանզի ժողովրդավարությանը հարիր են համագործակցությունը, առողջ մրցակցությունը և հանդուրժողականությունը։ Աշխարհն ավելի խաղաղ կլինի ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի, ԵՄ–ի, Իրանի ու մյուս կենտրոնների միջև համագործակցության, այլ ոչ թե հակադրության արդյունքում։

Միայն բազմաբևեռ աշխարհում են հնարավոր խաղաղություն և կայուն զարգացում։

Վերջին 25 տարիների փորձը ցույց տվեց, թե ինչ է ստացվում, երբ մեկ պետություն դառնում է միջազգային հարաբերություններում մենաշնորհային դիրք ունեցող։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցողն ամերիկյան մենաշնորհային, անպատասխանատու, ցինիկ, ագահ և անհեռատես քաղաքականության հետևանքն է։ «Իսլամական պետության» և ահաբեկչական մյուս խմբերի առաջացումը ամերիկյան հեգեմոնիայի ուղղակի արդյունքն են։ Վաշինգթոնում, բնականաբար, այդպես չէին ուզում, բայց այդպես ստացվեց, ու հիմա նրանք փորձում են դուրս գալ այդ վիճակից, բայց ավելի շատ կռիվ են տալիս ՌԴ–ի հետ, քան պայքարում ահաբեկչության դեմ։

Ու հիմա ինչքան շատ խոսվի ամերիկյան բացառիկության ու գերիշխանության մասին, և պայքար մղվի Ռուսաստանի դեմ, այնքան ահաբեկչությունը ծաղկելու է, և ավելանալու են մարդկանց դժբախտությունները, ինչպես նաև վարկաբեկվելու է ամերիկյան ժողովրդավարության գաղափարը։

Խորհրդային առաջնորդներն էլ էին խոսում ԽՍՀՄ–ի բացառիկ դերի և համաշխարհային առաջադեմ դիրքի մասին, ինչպես նաև «ինտերնացիոնալ պարտքի» շրջանակներում պաշտպանում Աֆղանստանին ու կռիվ տալիս ԱՄՆ–ի հետ ճիշտ այնպես, ինչպես այսօր ԱՄՆ–ը պաշտպանում է Ուկրաինային ու մյուս «հաճախորդ» պետություններին և հանդես գալիս Ռուսաստանի դեմ (ի դեպ, Օբաման իր ելույթում Ուկրաինային անվանեց հաճախորդ–պետություն)։

«Մենք շարունակելու ենք օժանդակել Ուկրաինային ժողովրդավարության պաշտպանության հարցում»,– հայտարարել է Օբաման Կոնգրեսում։

Եթե այն, ինչ անում է ԱՄՆ–ն Ուկրաինայի հետ, կոչվում է «ժողովրդավարության պաշտպանություն», ապա ժողովրդավարության ավելի վատ գովազդ հնարավոր չէր պատկերացնել։

Թե ինչպիսի ժողովրդավարություն է տիրում Ուկրաինայում, բոլորն են տեսնում (նախագահ Պորոշենկոն թալանում է այդ երկիրը և դառնում միակ օլիգարխը, իսկ Ավակովն ու Սահակաշվիլին իրար են հայհոյում՝ միմյանց մեղադրելով կոռումպացվածության մեջ, իսկ այդ ընթացքում Ուկրաինան վերածվում է փտած երկրի)։

Թե ինչպես է ազդում ամերիկյան օգնությունը շարքային ուկրաինացիների վրա, նույնպես տեսանելի է բոլորին։ Այդ նույն տրամաբանությամբ ԽՍՀՄ–ն աջակցում էր մի շարք փտած պետությունների՝ կոմունիստական ռեժիմ հաստատելու համար։

Օբամայի ելույթը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչու է ԱՄՆ–ում հանրահայտ Դոնալդ Թրամփը։ Վերջինս չի օգտագործում տրաֆարետային ձևակերպումներ և իրական կյանքից կտրված խոսքեր։ Նաև՝ չի զբաղվում դեմագոգիայով։

Թրամփի բարձր վարկանիշի պատճառներից է նաև այն, որ նա միջազգային ասպարեզում խնդիրների լուծումը տեսնում է Ռուսաստանի ու մյուսների հետ համագործակցության, այլ ոչ թե հակադրության միջոցով։ Շարքային ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ «սառը պատերազմի» փուլը վաղուց անցել է, և պաշտոնական Վաշինգթոնը հիմա հին ժամանակների հռետորաբանություն է օգտագործում։

Շատերն են նաև հասկանում, որ աշխարհում իրավիճակի դրական փոփոխության և ահաբեկչական ժանտախտի դեմ պայքարելու համար պետք է ԱՄՆ–ը և ՌԴ–ն հանդես գան որպես անկեղծ թիմակիցներ, այլ ոչ թե մրցակիցներ։ Թրամփը հենց այդ բանաձևն է առաջարկում։

Թե ինչ որոշում կկայացնեն առաջիկա նախագահական ընտրություններում ամերիկացիները, դրանից էլ կախված կլինեն համաշխարհային զարգացումները։

Մեկ բան ակնհայտ է՝ ժողովրդավարության ջատագով ԱՄՆ–ում չի կարող երկու ընտանիքի հեգեմոնիա լինել։ 80–ականների վերջերից մինչև Օբամայի նախագահ դառնալը Սպիտակ տունը շուրջ քսան տարի ղեկավարել են Բուշերն ու Քլինթոնը։

Ու հիմա նախագահի թեկնածուների մեջ մենք կրկին տեսնում ենք Բուշ և Քլինթոն ընտանիքների անդամներին։ Առաջիններն ԱՄՆ նախկին նախագահի որդին ու նախկին նախագահի եղբայրն են, իսկ մյուսը՝ նախկին նախագահի կինը։ Եթե ԱՄՆ–ում նրանցից մեկին ընտրեն, ապա ինչո՞վ է այդ պետությունը տարբերվելու դինաստիաների իշխանություն հաստատած հետադիմական ու ավտորիտար պետություններից (օրինակ՝ Ադրբեջանում էլ է իշխանությունը հայր Ալիևից անցել որդի Ալիևին. ԱՄՆ–ը հիմա արդարացիորեն մեղադրում է սուլթանատի վերածված Ադրբեջանին ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում խայտառակ դրության համար և պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի դեմ)։

Այնպես որ, նախագահական ընտրություններում ամերիկացիների որոշումից շատ բան կախված կլինի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը