Մեկնաբանություն

15.01.2016 00:16


Ադրբեջանում խուճապ է և իրարանցում. պատրա՞ստ է Հայաստանը

Ադրբեջանում խուճապ է և իրարանցում. պատրա՞ստ է Հայաստանը

Նավթի միջազգային գների անկումն ամենաշատը հարվածել է Ադրբեջանի տնտեսությանը, որն, ըստ էության, մի մեծ փուչիկ էր, որը փչվում էր նավթով։ Հենց փուչիկի պարունակությունն էժանացավ, այն պայթեց։ Զուգահեռաբար պայթում է նաև Ալիևի իմիջային փուչիկը։

Ադրբեջանում հիմա խուճապ է և իրարանցում։

Տարադրամի փոխանակման կետերը փակվել են։ Մանաթի փոխարժեքը դոլարի համեմատ «լողում» է պաշտոնականից մինչև մի քանի անգամ բարձր գնի արանքում։

Խանութները սնանկանում են ու փակվում, մարդիկ դուրս են գալիս փողոց ու բողոքում գների թանկացման դեմ։ Կա սովի վտանգ։

Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող ադրբեջանական շրջանների բնակիչները մեկնում են ՌԴ՝ սննդամթերք գնելու։ Սահմանի վրա հսկայական հերթեր են գոյացել։ Ադրբեջանցիներն առաջին անհրաժեշտության ապրանքներ են ձեռք բերում։

Ալիևի վարչակազմը փորձեց ուժային մեթոդներով պայքարել գների թանկացման ու տնտեսության փլուզման դեմ, բայց չստացվեց, ու հիմա ամեն ինչ խառնվել է իրար։ Ադրբեջանում նախաքաոսային վիճակ է։

Հարկ է առանձնահատուկ նշել, որ Ադրբեջանում առկա պատկերի պատճառը ոչ միայն նավթի միջազգային գների անկումն է, այլ նաև Ալիևի վարած «հակաօլիգարխիկ» պայքարը, որի արդյունքում կապիտալի հսկայական արտահոսք գրանցվեց։ Միլիարդավոր դոլարներ դուրս բերվեցին այդ երկրից, հեռացան խոշոր գործարարները, լքեցին օտարերկյա խոշոր ներդրողները։ Բացի այդ՝ այնտեղ տիգրանսարգսյանություն էին անում՝ փորձելով պահուստային դոլարների հաշվին արհեստականորեն պահել մանաթի փոխարժեքը։ Արդյունքները, սակայն, բացասական էին. պահուստները փոշիացվեցին, իսկ խնդիրները խորացան։

Ալիևը պատերազմ հայտարարեց բիզնեսին ու հիմա կանգնել է կոտրած տաշտակի առաջ և վախենում է իշխանությունը կորցնելուց։

Իլհամին քննադատողներին սկսել են ձերբակալել («վհուկների» որս է սկսվել), բայց դե, բողոքը երբ դառնա զանգվածային (իսկ դրանք արդեն իսկ սկսվում են), ձերբակալություններն այլևս որևէ բան չեն փոխի։

Այս պայմաններում Ալիևը կարող է գնալ ռազմական արկածախնդրության Ղարաբաղի ճակատում։ Եթե նա տեսնի, որ լուրջ խնդիրներ կան, և աթոռը երերում է, ապա ոչինչ չի բացառվում։

Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր տիպի սցենարներին ու թույլ չտա հակառակորդին լկտիանալ և անգամ մտքի ծայրով անցկացնել, որ ներքաղաքական հարցերն ու տնտեսական կոլապսն Ալիևը կարող է տրանսֆորմացնել ռազմական բախման։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը