Հարցազրույց

22.01.2016 00:13


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը փորձում է «այո»–ի դաշտը պառակտել, իրար դեմ հանել»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը փորձում է «այո»–ի դաշտը պառակտել, իրար դեմ հանել»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հրապարակայնացրեց կոալիցիա կազմելու թեմայով Սերժ Սարգսյանի և ՀՅԴ–ի միջև ընթացող քննարկումների փաստը։ Ձեր կարծիքով ի՞նչ շահ ունեն ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիա կազմելու մեջ։

–Այս նոր Սահմանադրությունը կարված էր Սերժ Սարգսյանի վրայով, ընդ որում, որոշ տեղեր շուլալված էին՝ թողնելով Ընտրական օրենսգրքին։ Բնական է, որ այն քաղաքական ուժերը, որոնց մի մասն իր դիրքը փոխեց, մի մասն էլ իրեն միամիտի տեղ դրած՝ փորձում էր «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, իրենց վարձը պիտի ստանան, իսկ նրանց մտքում այդ վարձն իշխանական կերակրատաշտակից ինչ–որ բան ստանալն է։ Իհարկե, երբ Սերժ Սարգսյանն ամեն ինչը դրեց մի զամբյուղի մեջ, իր դիրքերն ինչ–որ իմաստով թուլացան, և նրա հարցերը կարող են միանգամից լուծվել 2017թ.։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ձախողվել է բոլոր ոլորտներում, ժողովրդի մոտ ընդհանրապես վստահություն չունի, հանրաքվեի արդյունքները հենց դա են ցույց տալիս, իրենք մեզանից լավ գիտեն, որ ժողովրդի շուրջ 90 տոկոսը «ոչ» է ասել։ Ուստի Սերժ Սարգսյանը հասկանում է, որ շատ բան կարող է կորցնել 2017թ.։ Եվ քանի որ նա իր խոսքը դրժեց՝ ասելով, որ կարող է դառնալ վարչապետ, իր թիմում առաջացավ անվստահություն Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Վերջինը հասկանում է, որ եթե լծակ չունեցավ, կարող է անգամ ՀՀԿ–ի գրասենյակ չմտնել, ուստի փորձում է իր դիրքերն ուժեղացնել իշխանության մեջ։

–ՀՅԴ–ի միջոցո՞վ է ուժեղացնում. չէ՞ որ այդ կուսակցության վարկանիշը բավական ցածր է գնահատվում։

–Այսկերպ Սերժ Սարգսյանը փորձում է իշխանական դաշտը կամ, համենայնդեպս, «այո»–ի դաշտը պառակտել, իրար դեմ հանել, որ կարողանա վերահսկել այն։

–Իսկ ի՞նչ կշահի հանրությունը, եթե ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիայի հարցով վերջնական պայմանավորվածության գան։

–Հանրությունն ընդհա՛նրապես ոչինչ չի շահի։ Եթե մինչև հիմա արդարանում էին, թե իրենք վեհ գաղափարների համար են «այո»–ի գնում, ապա այժմ պարզ երևում է, որ իրենց ուզածն ընդամենը մի քանի աթոռ է, և նույնիսկ այդ կուսակցությունների էլեկտորատները համաձայն չեն այս գործընթացների հետ։ Կրկնում եմ՝ հանրությունը ոչ մի բան չի շահելու. հանրությունն արդեն հստակ տարբերում է, թե որ ուժն էր իրոք անկեղծ՝ իր նախկին ասածների հետ կապված, և ով մնաց հավատարիմ իր սկզբունքներին։

–Որքան էլ ՀՅԴ–ի հայաստանյան կառույցի ներկայացուցիչները փորձում են համոզել, թե հայ–թուրքական արձանագրությունները դե ֆակտո հետ են կանչվել ու ստորագրությունը հետ է վերցվել, սակայն փաստ է, որ դե յուրե դրանց տակ ստորագրությունները դեռ պահպանվում են։ ՀՅԴ–ի սփյուռքյան կառույցներն ինչո՞ւ չեն արձագանքում ստորագրությունների մնալու դեպքում ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու Դաշնակցության քայլին։

–Որքան հասկանում եմ, ՀՅԴ–ի դրսի կառույցները ձեռք են քաշել հայաստանյան կառույցից։ Սերժ Սարգսյանին նաև հաջողվեց Սփյուռքը պառակտել, և ՀՅԴ–ն հիմա միասնական չէ։ Գիտեք, թուրքերին հայհոյելը շատ ավելի հեշտ է, բայց Սփյուռքը նաև Հայաստանին պետք է անդրադառնա։ Չէ՞ որ Հայաստանը նաև իրենց երկիրն է։ Եթե Սփյուռքը պետք է միայն Թուրքիայից բան պահանջի, իսկ Հայաստանի իշխանությունները մեր երկիրը կործանեն, մենք հիմար վիճակում ենք հայտնվում, որովհետև այդ պահանջատիրությունը ոչ մի բան չի տալու։ Առաջին հերթին մենք մեր իշխանություններից պիտի պահանջենք։

–Ի՞նչ տարիներ են լինելու 2016–2017թթ. Սերժ Սարգսյանի համար։

–Շատ ծանր տարիներ են լինելու, և համոզված եմ, որ ՀՀԿ–ն պարտվելու է խորհրդարանական ընտրություններում, քանի որ վստահ եմ՝ 2016թ. նոր ուժ է առաջանալու, և այդ ուժի առաջ ընկրկելու է իշխանական թևը։ Նաև՝ իրական ընդդիմադիրներն այլ տեղ չեն ունենալու գնալու. եթե իրոք չեն ծառայում Սերժ Սարգսյանին, պետք է համախմբվեն այդ ուժի շուրջ։ Եվ դրանով, համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի օրերը հաշված են լինելու։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը