Մեկնաբանություն

22.01.2016 13:00


Ինչով են հայերը տարբերվում տաջիկներից

Ինչով են հայերը տարբերվում տաջիկներից

Ասում են, թե տաջիկներն արիացիներ են։ Նաև հայերիս մասին են այդպես ասում, ինչը ոմանց մոտ թիթիզանալու ցանկություն է առաջացնում։ Ենթադրում եմ, որ տաջիկներն էլ են հպարտանում, որ արիական ծագում ունեն։

Չգիտեմ, թե ինչն է ուրախության և հպարտության առիթ տալիս հայ և տաջիկ շրջանակներին, ու ինչու է արիական ծագումը նման զգացողություններ առաջացնում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ և՛ հայերը, և՛ տաջիկները այսօր ամենահետամնաց քաղաքական ազգերից են համարվում։ Գոնե այս պահին այդպես է։

Տեսե՛ք. Տաջիկստանում նոր Սահմանադրությունով առաջարկվում է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին պետության նախագահ դարձնել առանց ժամկետային սահմանափակման, այսինքն՝ ցմահ։

Տաջիկստանի գործող Սահմանադրությամբ նույն անձը 2 անգամ անընդմեջ չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Օրինագծի հեղինակներն առաջարկում են գործող օրենքում հոդված ավելացնել, ըստ որի՝ այդ սահմանափակումները չեն վերաբերի ազգի առաջնորդին։

Եթե լրացումները հաստատվեն, Ռահմոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

«Արիական» զուգադիպությամբ՝ մեզ մոտ էլ նոր Սահմանադրություն «ընդունվեց», ըստ որի՝ Սերժ Սարգսյանը կարող է ցմահ վարչապետ դառնալ կամ ԱԺ նախագահ։ Սահմանադրությունն էլ այնպես է գրված, որ ամեն օր կարող է փոխվել «խորհրդարանական կայուն մեծամասնության» միջոցով և կարվել «օրվա կուրսով»։

Փաստորեն, Հայաստանում էլ է այնպես, ինչպես մահմեդական Տաջիկստանում, որը նաև արիական է համարվում։ Մեր «արիականը» տաջիկականից տարբերվում է այն բանով, որ Էմոմալին ձևեր չի թափել ու ցմահ նախագահ է ինքնահռչակվել, իսկ ահա Սերժ Սարգսյանը դա ուզում է անել «մարդակենտրոն» սկզբունքով։

Հարկ է, հետևաբար, Սերժ Սարգսյանին և նրա բոլոր տիպի հաճախորդներին իրենց տեղը դնել ու ցույց տալ, որ հայերս տաջիկներից և Միջին Ասիայի մահմեդական ազգերից տարբերվում ենք։ Առաջիկայում շատ լավ առիթ կա՝ գործնականում ապացուցելու, թե ինչով են հայերը պետականաշինության առումով տարբերվում տաջիկներից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը