Լրահոս

26.11.2009 15:15


Վարդան Խաչատարյանը ՍԴՀԿ անդա՞մ է, թե՞ ոչ

Վարդան Խաչատարյանը ՍԴՀԿ անդա՞մ է, թե՞ ոչ

Համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում ևս մեկ անգամ պնդել է, որ «Ժառանգություն» և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություններից հեռացված Վարդան Խաչատրյանն այժմ ՍԴՀԿ անդամ չէ։ Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանի՝այս կուսակցությանը շարունակաբար անդամագրվելու, այնուհետև հեռացվելու ոդիսականից հետո ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը «7օր»-ին ասել էր, որ Վարդան Խաչատրյանն այժմ ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ է։

Սակայն այսօր «7օր»-ի հարցին ի պատասխան՝ Համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը պնդել է, որ Վ. Խաչատրյանը ո՛չ ՍԴՀԿ, ո՛չ համահնչակյան ընտանիքի անդամ է.

-Վարդան Խաչատրյանը միգուցե Լեսոտոյի ինչ-որ մի կուսակցության անդա՞մ է կամ Հռոմի պա՞պն է՝ չլինելով կաթոլիկ։ Նա հեռացվե՛լ է կուսակցությունից,- հայտարարել է Գ. Եղիազարյանը՝ հավելելով, որ նրա անդամագրումը ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցի ծրագիր-կանոնագրի, ինչպես նաև ՀՀ  կուսակցությունների մասին օրենքի խախտում կլինի։

-Եթե կուսակցությունը ժամանակին այդ նիստը չէր գումարում, որի արդյունքում Վարդան Խաչատրյանը հեռացվեց կուսակցությունից, ապա իշխանությունները շատ հանգիստ կարող էին ուղղակի կասեցնել կուսակցության գործունեությունը ՀՀ տարածքում՝ հիմնվելով Կուսակցությունների մասին օրենքի 22-րդ հոդվածի վրա։ Որպեսզի նման բան չլինի, հայաստանյան կառույցն իր վարչության նիստով նրան դուրս դրեց կուսակցությունից,- ասել է Գ. Եղիազարյանը։-Այն մարդը, ով կազմակերպել էր Վ. Խաչատրյանի անդամակցությունը, միգուցե նպատակ ուներ , որ, ի վերջո, մենք կգնանք այդ խախտումներին, և ՀՀ-ում կկասեցնեն ՍԴՀԿ-ի գործունեությունը։

-Վահան Շիրխանյա՞նն է այդ մարդը,- հարցրել է «7օր»-ի թղթակիցը։

-Ես չեմ իմանում՝ ում մասին է խոսքը։ Դա հետո կասեմ,- ուսերը թոթվելով՝ պատասխանել է Համահնչակյան ԿՎ ներկայացուցիչը։

Նա նաև մի դրվագ է ներկայացրել մինչ հեռացվելը ՍԴՀԿ-ին անդամագրվելու ժամանակ Վարդան Խաչատրյանի երդման արարողությունից.

-Մինչև այսօր հնչակյանները երդվում են դաշույնի վրա։ Երբ բերեցին դաշույնը, որ երդվեր, այդ սուրբ արարողության ժամանակ ես տեսա, որ դաշույնը սիպուկո է. դա խարակիրիի դաշույն է, բայց կանա՛նց համար նախատեսված։ Սիպուկոն մի քիչ ավելի մեծ դաշույն է, որովհետև մարդիկ կանանց խղճացել են, որ մահն արագ վրա հասնի։ Ես ասացի, որ հավանական է՝ Վարդանը կիմանա՝ ինչ է սա։ Ասի՝ Վարդա՛ն, սա ի՞նչ է, ասեց՝ սիպուկո է, ասի՝ պատրաստվում ես քաղաքական խարակիրիի՞։ Եվ նա երդվեց։

Ի դեպ, հունվարի 9-ին տեղի է ունենալու ՍԴՀԿ հերթական համագումարը, որի ժամանակ նաև ատենապետի ընտրություններ են տեղի ունենալու։ Գ. Եղիազարյանը չի կարծում, որ գործող ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ինչ-որ բան է արել, որի համար չպետք է վերընտրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը