Լրահոս

26.11.2009 15:34


Հակոբ Հակոբյան. «Ադրբեջանն ուզում է օգտվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից»

Հակոբ Հակոբյան. «Ադրբեջանն ուզում է օգտվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից»

«Ուրբաթ» ակումբում գնահատելով նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նշել է.

-Մինչև հանդիպումն Ալիևը հայտարարեց, որ ինքը պատրաստ է պատերազմի միջոցով հետ վերցնել այդ 7 շրջանները։ Մենք հայտարարեցինք, որ պատերազմ սկսելուց առաջ կամ սկսելու պահին Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և մենք կհիշեցնենք նախկինում անցած մեր համատեղ ճանապարհը։ Այս երկուսը համադրեցինք իրար հետ, և Ադրբեջանն  ուղղակի այնտեղից ստիպված թողեց հետ գնաց։ Գնաց Մոսկվա։ Այնտեղ էլ արդյունք չեղավ, որովհետև եթե ինչ-որ մեկը հստակ օգներ Ադրբեջանին, կամ Ադրբեջանը վստահ լիներ, որ ինքն իր ուժերով կամ ինչ-որ աջակցությամբ կարող է վերսկսել պատերազմը և այդ տարածքները հետ վերցնել, այդ դեպքում նա դա կաներ։ Նա հասկացավ, որ չի կարող դա անել, հետևաբար հարցը փակվեց։

Հ. Հակոբյանի համոզմամբ՝ Ալիևի նմանօրինակ հայտարարություններին արդեն ամբողջ աշխարհը լուրջ չի վերաբերվում, քանի որ դրանք արդեն քանի տարի է՝ շարունակվում են։

Լրագրողի արձագանքին, որ դրանք մեկ տարվա մեջ նման դինամիկայով չեն եղել, նա ասել է, որ դինամիկան կապված է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման այս փուլի հետ։ «Փաստորեն այդ երկու գործընթացները կապվա՞ծ են» լրագրողի հարցադրմանն էլ նա պատասխանել է.

-Ադրբեջանն ուզում է օգտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս տեսքից։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են Հարավային Կովկասում խաղաղություն բերելու համար, Ադրբեջանը հայտարարում է՝ բա ե՞ս, իմ հարցն էլ լուծեք, և բնականաբար Ադրբեջանը շատ կցանկանար, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները դառնան մեկ խնդիր և ունենան մեկ լուծում, բայց դա չի եղել և հաստատ չի լինելու, որովհետև խնդիրների լուծման հեռանկարները, խնդիրներից ստացվող շահերը Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար բացարձակ տարբեր են։

Հակոբ Հակոբյանի կարծիքով այս հարցերի լուծման բանալին գտնվում է գերտերությունների գրպանում, սակայն ո՛չ Ադրբեջանի կամ Հայաստանի, և մինչև գերտերությունների շահերը չհամընկնեն, այդ հարցերը լուծում չեն ստանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը