Մեկնաբանություն

10.03.2019 10:45


Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Ինչու է աղմկում ու «դանոսչիկություն» անում Լևոն Տեր–Պետրոսյանը

Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր քարոզչագործիք «ilur.am» կայքը, որին միացել է նաև բազմաժանր, բազմակի ու բազմաձև օգտագործման «1in.am» կայքը, ավելի կոնկրետ՝ այդ կայքում տպագրվող ևս մեկ լևոնական քարոզչագործիք Կարպիս Փաշոյանը (ֆեյսբուքյան փոքրաթիվ դիշովկա ստատուսչիներին չենք հաշվում), կոկորդիլոսի արցունքներ են թափում Նիկոլ Փաշինյանի համար։

Սրանք բերիական ժամանակների ոճով «դանոսչիկություն» են անում «7or.am»–ի դեմ ու փարիսեցիաբար բղավում, թե բա՝ հարա՜յ, հասե՜ք, սպառնում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը։

Սա այն դեպքն է, երբ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»։

Սրանք նենգափոխում են մեր կայքում տպագրված հոդվածի իմաստը և էժանագին հնարքի դիմում՝ ձեռքի հետ բացահայտելով սեփական վախերը, պարանոյիկ հակվածությունը և սադրանքի գնալու մտադրությունը։ Իսկ թե ինչու են այդպես վարվում, կներկայացնենք ստորև։

Բայց նախ մի փոքր անդրադարձ կոկորդիլոսի արցունքներ բերած հոդվածին։

Բռնության բացառման անհրաժեշտությունը

Տերպետրոսյանականներին «7or.am»–ի դեմ էժանագին «դանոսչիկություն» անելու առիթ էր տվել «Ռեստարտ» նախաձեռնության տղաների և Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հոդվածը։ Հոդված, որտեղ դատապարտվել էր բռնությունը՝ իր ցանկացած դրսևորման մեջ։

Հոդվածում կոչ էր արվել Փաշինյանին կանխել բռնությունները, ով էլ որ դրա կիրառողը լինի։ Բռնության կիրառումից որևէ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը, չի շահի, քանզի քաղաքական գործընթացներն այդ դեպքում կարող են տեղափոխվել ապաքաղաքական դաշտ, ինչը վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Փաշինյանի համար։ Դրանից կտուժեն Հայաստանն ու Արցախը։

Հոդվածի ամբողջ «մեսիջն», ըստ այդմ, քաղաքական գործընթացներում բռնություններ ու «հունվեյբինություն» թույլ չտալն է։ Ու, բնականաբար, որևէ սպառնալիք չկար Փաշինյանի հասցեին։

Ամեն մարդ արտահայտվում է իր մտածողության, դաստիարակության ու հոգեվիճակի շրջանակներում

Լևոն Տեր–Պետրոսյանը նենգափոխել է այդ հոդվածի իմաստն ու «դանոսչիկություն» արել «7or.am»–ի դեմ, քանզի վախենում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ի՛ր համար (գող, սիրտը՝ դող)։

Վախենում է, որ քաղաքական զարգացումները կարող են հասնել մինչև 1995–1996 թվականների ընտրական պատմություն, ու ինքն ստիպված պատասխան տա ընտրակեղծիքների, բռնությունների և սահմանադրական կարգի տապալման համար։

Տանկերով սահմանադրական կարգը տապալվել է 1996–ին։ Քաղաքական գործիչներին բռնության ենթարկել են 1996–ին և մեկ փուլով նախագահական աթոռի զավթման հարցը լուծվել է հենց 1996–ին (Վանո Սիրադեղյանին հարցրեք, կասի)։

Տեր–Պետրոսյանի դարդը Փաշինյանը չէ

1–ին նախագահը նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մեկնարկային փուլում փաստացի պաշտպանում էր նախորդ իշխանություններին։ Լևոնականները սոցցանցերում աշխատում էին Փաշինյանի դեմ, և միայն երբ իշխանափոխության հոտ եկավ, սրանք դարձան «թունդ հեղափոխական» (ի դեպ, վերը հիշատակված «1in.am» կայքը նույնպես դեմ էր Փաշինյանի շարժմանը և կատաղի կռիվ էր տալիս նրա դեմ ու լևոնենց պես միայն նախորդ տարվա ապրիլի 23–ից հետո դարձավ «սարսափելի հեղափոխական»)։ Եվ հիմա պարզվում է, որ այս քամելեոններն անհանգստացած են Փաշինյանի անվտանգությամբ ու «դանոս» են տալիս «7or.am»–ի դեմ։

Այդ «դանոսն», ի դեպ, մատնում է Լևոն Տեր–Պետրոսյանի ներքին հոգեվիճակն ու մտադրությունները։ Վախից դեպի պարանոյա ու սադրանք մեկ քայլ է։

Ինչպես արդեն վերևում նշվեց, ՀԱԿ առաջնորդը կանխազգում է, որ 96–ի համար գալու են իր հետևից։ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցողը անձնական վրեժխնդրության ու քաղաքական վենդետտայի տիրույթում չդիտարկելու համար Փաշինյանը կարող է և ուզում է մյուս ընտրություններին և հատկապես 1996–ի նախագահականին ևս անդրադառնալ (վարչապետի մարտիմեկյան ուղերձը և նույն օրը Վազգեն Մանուկյանի հետ նրա հանդիպումն ու «մեսիջները» ցույց են տալիս, որ 96–ի նախագահական ընտրությունների իրավաքաղաքական գնահատական տալը ժամանակի հարց է դարձել)։ Հենց սա է վախեցրել Տեր–Պետրոսյանին, ու նա իր քարոզչագործիքներով կեղծ թիրախներ է հրամցնում ու կեղծ մտահոգություններ հայտնում։

«ilur.am»–ի փաստացի գլխավոր խմբագրի (դե՛, Տեր–Պետրոսյանի, էլի՛) «դանոսչիկությունը» ցույց է տալիս, որ լևոնենք ամեն ինչի պատրաստ են, և Փաշինյանն, իրոք, իր անձնական անվտանգության պահով պետք է լրջորեն մտահոգվի ու զգուշանա, այսպես կոչված, յուրայիններից։ Ի վերջո, չմոռանանք, որ հենց Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին էր ստեղծվել Արմեն Տեր–Սահակյանի բանդան, որը քաղաքական ղեկավարության հրահանգներով սպանություն էր իրականացնում։

Ու հիմա, երբ Տեր–Պետրոսյանը խոսում է Փաշինյանի անվտանգությունից, դա հուշում է, որ քաղաքական սպանությունների տարիներին նախագահ եղածի մտքով նաև սադրանք է անցնում։ 1–ին նախագահը հասկանում է, որ եթե ընտրական գործընթացների պատմությունները վերաբացվեցին, ապա ինքը սահմանադրական կարգի տապալման թիվ մեկ մեղադրյալն է դառնալու։

Բացի այդ՝ Տեր–Պետրոսյանը տեսնում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշն անկում է ապրում, ու եթե այսպես շարունակվի, ապա կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, ու այդ փոփոխությունից հետո ինքը կարող է այսօրվա իր մեղադրողի դիրքից հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Տեր–Պետրոսյանին հիմա այլ բան չի մնում, քան սադրանքի գնալը և մեղքն այլոց վրա բարդելը։

Իշխանությանը կից մարդասպանների բանդա պահած 1–ին նախագահից ամեն ինչ էլ սպասելի է, ու նրա ներկայիս պահվածքը հուշում է, որ պետք է նորովի դիտարկել 2008–ի մարտի 1–ի 10 զոհերի հետ կապված հարցերը, 1999 հոկտեմբերի 27–ը (ահաբեկչության զոհ դարձած Վազգեն Սարգսյանն էր 1998–ին Տեր–Պետրոսյանին իշխանությունից հեռացրած գլխավոր դերակատարը) ու Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունները։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Լևոնենց վայնասունը ինձ մի պատմություն հիշեցրեց։ Էն, որ վերջում հարցնում են, թե ինչու են աղմկում, ու հնչում է պատասխան՝ «Պոռնիկներ են, սը՛ր»։

Այս խորագրի վերջին նյութերը