Լրահոս

08.10.2010 10:12


Հակոբ Հակոբյանը դեմ է

Հակոբ Հակոբյանը դեմ է

Խորհրդարանում քննարկված «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթին 21 դեմ քվեարկածների թվում էր նաև 041 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանը (պիվի Հակոբ)։ Խորհրդարանում «7օր»-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է դեմ քվեարկելու պատճառների մասին։

-Ես գտնում եմ, որ դա տեղական արտադրողի համար լավ չէ, դրա համար դեմ եմ քվեարկել։ Լավ չէ, որովհետև տեղական արտադրողի վիճակը վատանալու է, դրսից գալու են էժան օղիներ, տեղականն էլ չի վաճառվելու։

-Հիմա այդ օրենքը միայն օղուն է վերաբերում։ Մտավախություն ունե՞ք, որ այնուհետև կանցնեն գարջրին և մյուս ալկոհոլային խմիչքներին։

-Չգիտեմ, հնարավոր է։

-Արդյոք այդ մատավախությունից դրդվա՞ծ չէ, որ դեմ եք քվեարկել։

-Ո՛չ։

-Չե՞ք կարծում, որ կառավարությունը այսպիսի օրինագծերով տեղական արտադրությունն ընդհանրապես սպանում է։

-Ես չեմ կարծում, որ մեր կառավարությունը մեր տեղական արտադրողին սպանի։ Միգուցե քայլերը դրան են տանում, բայց՝ ինչ-որ բաներից դրդված։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ օգոստոս ամսվա սկզբին վարչապետի մոտ խորհրդակցություն եղավ, ես էլ էի մասնակցում, վարչապետն ասաց՝ որտեղից են ճնշումները։ Ես ընդունում եմ, որ ճնշումներ կան, բայց իմ կարծիքով հիմա մենք պետք է ուրիշ քայլեր ձեռնարկենք, որ ճնշումների չենթարկվենք։ Այնպիսի քայլեր, որ դրսից մեզ չճնշեն։

-Փաստորեն դրսի՞ց են ճնշում։

-Իհարկե, մենք համարվում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, պայմանագիր ենք ստորագրել, այնտեղ կետեր կան, որոնց մենք դեմ ենք գնացել ժամանակին։ Հիմա, ինձ թվում է, նույն բանը պետք է արվի, բայց չվնասելով այդ պայմանգրի կետերին։

-Դուք «Երևան գարջուր» ՓԲԸ-ում 50% բաժնեմաս ունեք։ Բայց չէ՞ որ պատգամավորն իրավունք չունի ձեռնարկատիրությամբ զբաղվելու։

-Չեմ զբաղվում։ Սեփականատեր եմ, բայց չեմ զբաղվում։ Չե՞ք տեսնում, ամբողջ օրն այստեղ եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը