Աշխարհ

26.02.2016 14:40


Բունդեսթագի պատգամավոր. «Բունդեսթագն Էրդողանին չզայրացնելու համար սառեցնում է Ցեղասպանության բանաձևը»

Բունդեսթագի պատգամավոր. «Բունդեսթագն Էրդողանին չզայրացնելու համար սառեցնում է Ցեղասպանության բանաձևը»

Նախօրեին Գերմանիայի Բունդեսթագում Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի կողմից քննարկման դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության չի դրվել: Որոշվել է այն այն հետ վերադարձնել հեղինակին՝ վերաձեւակերպելու եւ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնեցված տեսքով ներկայացնելու համար, որը պետք է քվեարկության դրվի մինչեւ ապրիլի 24-ը:

Քննարկումների ժամանակ Օզդեմիրը շեշտել է՝ ոչ մի արտասահմանյան պետություն չպետք է ազդեցության ունենա Գերմանիայի որոշումների վրա։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Գերմանիայի նախագահը և Բունդեսթագի խոսնակը 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը Ցեղասպանություն են անվանել։

«Հետևաբար, ես չեմ հասկանում՝ ինչու հնարավոր չէ կողմ քվեարկել այս բանաձեւին։ Թուրքիային զայրացնելու ժամանակը չէ, ասում են, այսպես կոչված, ռեալպոլիտիկները.... Մի քիչ ինքներդ ձեզ հարգե՛ք։ Էրդողանին չզայրացնելու վախը վիրավորում է Գերմանիայի ժողովրդավարությունը, վիրավորում է քաղաքացիական հասարակությունը»,- շեշտել է Օզդեմիրը։

Ձախերի խմբակցությունը հայտնել է, որ այս անգամ իրենք ձեռնպահ են մնալու բանաձեւի քվեարկությունից, եւ մինչեւ ապրիլի 24-ը կներկայացնեն իրենց սեփական բանաձեւը։

«Բունդեսթագը էրդողանին չզայրացնելու համար սառեցնում է Ցեղասպանության բանաձեւը, եւ դա սկանդալ է, քանի որ Անկարան է թելադրում, թե ինչ կարելի է քննարկել այստեղ։ Բանաձեւը 2 թույլ կողմ ունի։ Առաջինը՝ պետք է հստակ ձեւակերպվի, որ հայերի ջարդերը ցեղասպանություն են։ Եվ երկրորդ՝ Գերմանիայի պատասխանատվությունը դրանում պետք է հստակ գիտակցվի. հակառակ դեպքում բանաձեւը ապակառուցողական կլինի։ Ուստի մենք ձեռնպահ կմնանք եւ ապրիլին կներկայացնենք մեր բանաձեւը»,- ասել է Ձախերի ղեկավար Սառա Վագենքնեխթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը