Աշխարհ

02.03.2016 09:40


Ավարտվեց ԱՄՆ–ի «սուպերերեքշաբթին». արդյունքներն անակնկալ չէին (տեսանյութ)

Ավարտվեց ԱՄՆ–ի «սուպերերեքշաբթին». արդյունքներն անակնկալ չէին (տեսանյութ)

ԱՄՆ–ում ավարտվեց «սուպերեքեշաբթին»՝ նախագահական ընտրարշավի ամենակարևոր օրը. 12 նահանգներում ավարտվեցին փրայմերիզները՝ նախնական ընտրությունները, որոնց արդյունքները որևէ մեկի համար անսպասելի չէին. Սպիտակ տուն մտնելու մրցարշավի եզրափակիչ փուլի առաջատարներն են շարունակում մնալ հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, որոնք զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը։

Չնայած ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել՝ նախնական արդյունքները հաղթանակ են շնորհում հենց վերոնշյալ թեկնածուներին միանգամից մի քանի վճռորոշ նահանգներում։

Փրայմերիզների տվյալներով՝ Քլինթոնին ու Թրամփին հաջորդում են դեմոկրատ Բերնի Սանդերսը և հանրապետական Թեդ Քրուզը, որոնք չեն պատրաստվում հանձնվել՝ հայտարարելով՝ գլխավոր պայքարը դեռ առջևում է։

«Սուպերեքշաբթիի» ամենաանհաջողակ թեկնածուն հանրապետական Մարկո Ռուբիոն է, որին Թրամփի գլխավոր մրցակից էին համարում։ Ռուբիոն հաղթել է միայն փոքրիկ Միննեսոթում։

Նյու Հեմփշիրի, Հարավային Քարոլինայի և Նևադայի հաջողություններից հետո միլիարդատեր թեկնածու Թրամփը հաղթել է այնպիսի կարևորագույն նահանգներում, ինչպիսիք են Վիրգինիան, Ջորջիան, Թենեսին, Ալաբաման, Մասաչուսեթսը և Արքանզասը։

Սակայն «ամենահամեղ պատառը»՝ Տեխասը, բաժին է ընկել նահանգի սենատոր Թեդ Քրուզին։ Վերջինը հաղթել է նաև Օքլահոմայում։

Մասաչուսեթսում և Վերմոնտում Թրամփին հաջորդում է Ջոն Քեյսիքը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ապա ավելի վաղ անցկացված սոցհարցման արդյունքներն իրականություն դարձան. ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն հաղթել է Տեխասում, Ջորջիայում, Վիրգինիայում, Մասաչուսեթսում, Թենեսիում, Ալաբամայում և Արքանզասում։ Դեմոկրատ Բերնի Սանդերսը հաղթել է հայրենի Վերմոնտում, Միննեսոթում, Քոլորադոյում և Օքլահոմայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը