Մեկնաբանություն

02.03.2016 11:20


Ռուբիկ–կուբիկ խաղալիս

Ռուբիկ–կուբիկ խաղալիս

Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը պարապ ժամանակ ռուբիկ–կուբիկ է խաղում՝ որպես խաղալիք ընտրելով պետությունը։

Առաջ միավորում էր նախարարությունները, հիմա՝ կիսում (Սաշիկի ականջը կանչի)։

Բոլորը գիտեն, որ պետական կառույցների հավաքման ու քանդման հիմքում պետական ու հասարակական խնդիրների արդյունավետ լուծման փնտրտուքը չէ։ ՀՀԿ ղեկավարին նման հարցերը եթե հետաքրքրում էլ են, ապա ամենավերջում, այն էլ՝ աթոռապահպանման կտրվածքով։

Օրինակ՝ պաշտոնապես հայտարարվեց, որ ՏԿԱԻՆ–ը կիսվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կամ ինչպես դաշնակցականների հետ է հաճախ պատահում՝ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում։

Իսկ քաղաքական իրավիճակն իրոք փոխվել է։ ՀՅԴ–ն թաքնված հաճախորդից դարձել է բացահայտված հաճախորդ։

Հիմա տարանջատում են Ֆիննախը։ Դա էլ է արվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Նախկինում ներիշխանական այլ «ռասկլադ» էր, իսկ ներկայում՝ այլ։ Համ էլ՝ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը ռուբիկ–կուբիկություն է պահանջում՝ օրվա կուրսով։ Նաև՝ «անհայրենիք» և «ուսյալ–կրթյալ» խունվեյբինների պահանջն է մեծանում։

Հարցն այստեղ այն անձերը չեն, ովքեր հեռացվում կամ նշանակվում են։ Հարցը պետական կառավարման համակարգի ցնցումներն են, որոնք պարբերաբար լինում են ռուբիկ–կուբիկ խաղալիս։

Եվ երկար կշարունակվի այս խաղը պետության ու պետական կառույցների հետ, քանի դեռ թույլ ենք տալիս մեկ մարդու «Գյադե՛ք, է՛ս կողմ, գյադե՛ք, է՛ն կողմ» խաղալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը