Լրահոս

01.12.2009 11:22


«Երկիր» միության բաց նամակը Փիթեր Սեմնեբիին

Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ  միության բաց նամակը Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար պրն Փիթեր Սեմնեբիին։

Հարգելի պրն Սեմնեբի,

2009թ. նոյեմբերի 2-ի ռուսական «Время новостей» թերթում հրատարակված հարցազրույցում, Դուք ի թիվս այլ հարցերի անդրադարձաք Վրաստանի ազգային փոքրամասնությունների և այդ կոնտեքստում' ջավախքահայության խնդիրներին' նշելով, մասնավորապես, հետեւյալը. «Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները կարեւոր հարցեր են: Պետք է դրանց վրա դարձնել ավելի մեծ ուշադրություն, քան մինչ այժմ դարձվում էր ինչպես մեր, այնպես էլ Վրաստանի իշխանությունների կողմից: Դա բարդ հարց է: ...Խնդիրներն այնտեղ առավելապես սոցիալական են, դրանք տնտեսական զարգացման խնդիրներ են»։

Ձեր այս անդրադարձը կարելի է դրական գնահատել զուտ միայն այն առումով, որ սա առաջին անգամ է, երբ Եվրամիության նման բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ ընդունում է նման խնդիրների առկայությունը: Սակայն, արդյո՞ք, արտացոլում է իրական պատկերը ջավախքահայության խնդիրները միայն դրանց սոցիալ-տնտեսական բաղադրիչով սահմանափակելը:

Բնականաբար, ջավախքահայության խնդիրների մեջ սոցիալ-տնտեսական բաղադրիչը առկա է, բայց այն բնավ էլ գլխավոր և որոշիչ տեղ չի զբաղեցնում: Վրաստանի հայ բնակչությունը, և հատկապես երկրի հարավ-արեւմտյան շրջաններում համախումբ բնակվող նրա հատվածը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, կրթա-մշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից, այն իրավունքների, որոնք երաշխավորված են Վրաստանի կողմից ստանձնած ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային պարտավորություններով:

Նշենք վրացահայության եւ ջվախաքահայության առջեւ ծառացած հիմնական խնդիրները.

  • հայ բնակչությունը ոչ համաչափ կամ գրեթե չի ներկայացված իր համախումբ բնակության շրջանների կառավարման եւ վարչական մարմիններում,
  • Վրացական իշխանությունները օրենսդրական և վարչական իմպերատիվ միջոցներով պարտադրում են փոքրամասնություններին իրենց համախումբ բնակության շրջաններում հանրային գործունեության բոլոր ոլորտներում օգտագործել բացառապես վրացերենը, թեեւ առարկայական հանգամանքների բերումով ջավախքահայության գերակշիռ հատվածը գրեթե չի տիրապետում տիտղոսակիր ազգի լեզվին,
  • Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի որեւէ իրավաբանական կարգավիճակ,եւ վրացական իշխանությունները չեն վերադարձնում նրան խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական տաճարները:

Ձեր կողմից ջավախքահայության այս խնդիրերը նշելուց խուսափելը, խնդիրներ, որոնք բնավ էլ սոցիալ-տնտեսական բնույթի չեն, էլ ավելի անհասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ  ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության դրսեւորումներին արդեն իսկ անդրադարձել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Այսպես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 16-ին իր ընդունած հանձնարարականներում առաջարկել է վրացական իշխանություններին քայլեր ձեռնարկել կրոնի ազատությունն ու հավասարությունը ապահովելու ուղղությամբ: Վրացական իշխանությունների վրա պարտավորություն դրվեց լուծում տալ խորհրդային իշխանության տարիներին կրոնական փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական շենքերը եւ ունեցվածքը հետ վերադաձնելու խնդրին: Կոմիտեն, շեշտելով փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության ցածր մակարդակը, առաջարկեց վրացական իշխանություններին քայլեր ձեռնարկել լեզվական հիմքի վրա խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Այդ նպատակով Կոմիտեն առաջարկեց քննել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ վարչարարության մեջ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը թույլ տալու հնարավորությունը, ինչպես նաեւ ձեռնարկել բոլոր նպատակահարմար միջոցները փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը եւ մասնակցությունը ապահովելու նպատակով:

Վրաստանի կողմից Ազգային Փոքրամասնությունների Պաշտպանության Եվրոպական Շրջանակային Կոնվենցիայի իրագործման լուրջ բացթողումներ է արձանագրում Եվրախորհրդի Խորհրդակցական Կոմիտեն 2009թ. գարնանը պատրաստած իր զեկույցում: Այնտեղ, մասնավորապես, նշվում է, որ վրացական իշխանությունները պետք է երաշխավորեն, որ վրացերենի ներդրման իրենց քաղաքականությունը չի վտանգում փոքրամասնությունների լեզուների օգտագործման իրավունքը: Եվրախորհրդի փորձագետները, նշելով, որ ազգային փոքրամասնությունների մասնակցությունը երկրի քաղաքական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական կյանքին սահմանափակ է, առաջարկում են վերացնել այդ խնդրում առկա օրենսադրական եւ գործնական խոչընդոտները:

Նշված միջազգային հեղինակավոր կազմակերպություններից բացի, 2005-2009թթ. Վրաստանի հանրային պաշտպանը, ինչպես նաեւ մի շարք պետություններ եւ միջազգային իրավապաշտպան կազմակեպություններ իրենց համապատասխան զեկույցներում եւ հայտարարություններում անդրադառնում են Վրաստանում բնակվող հայ փոքրամասնությաւն իրավունքների ոտնահարման առանձին դրսեւորումներին' արտահայտելով այդ երեւույթների նկատմամբ իրենց մտահոգություը:

2009թ. սեպտեմբերի 1-ին անդրադարձ է կատարում վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող խնդիրներին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, մասնավորապես, որ Ջավախքի նկատմամբ վարած քա­ղաքականության տրամաբանությունը, բովան­դակային առումով, պետք է բխի ,ինտեգրում առանց ձուլմանե սկզբունքից, իսկ հայերենը Վրաս­տա­նում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկե­ղեցու գրան­ցումն ապահովելու, Վրաստանի հայ­կական հուշարձանների պահ­պան­մանն ուղղ­ված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրա­ցական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խո­րաց­մանը:

Սակայն վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հանձնարարականները, ջավախքահայության նկատմամբ շարունակում են խտրական քաղաքականություն իրականացնել: Ավելին, վերջին շրջանում այդ քաղաքականությունն ընդունեց ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկտամամբ ուժային կառույցների եւ դատա-իրավական համակարգի կողմից իրականացվող հալածանքների բնույթ: 2007-09 թվականների ընթացքում ուժային կառույցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների արդյունքում իրենց հայրենիքը լքեցին տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ. շատերի նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցվեցին, ոմանք ,գնեցինե ազատությունը իրենց մեղսագրվող ,հանցագործություններըե ընդունելու դիմաց, ոմանց, անգամ, հեռակա կարգով դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման:

2008թ. հուլիսի 21-ին վրացական հատուկջոկատայինները ներխուժեցին ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի բնակարան եւ գրասենյակ, զենք-զինամթերք ,հայտնաբերեցինե եւ այդ պատրվակով անմիջապես ձերբակալեցին ինչպես նրան, այնպես էլ նրա հորը եւ անչափահաս եղբորը: Հետագայում նրա նկատմամբ առաջադրվեցին ,հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու եւ ակտիվ մասնակցելուե եւ ,խուլիգանությունե կատարելու մեղադրանքներ' հիմնված բացառապես 2005-06 թվականների նրա քաղաքական գործունեության վրա, երբ հանրահավաքների եւ բողոքի ակցիաների միջոցով հայ բնակչությունը առաջ էր քաշում իր լեզվա-կրթական, սոցիալ-մշակութային եւ կրոնական իրավունքների հետ առնչվող օրինական պահանջներ:

Խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում ջավախքահայ գործիչը 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 30-ին վերաքննիչ դատարանը թողեց այդ դատավճիռն անփոփոխ:

Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների հաշվեհարդարը լայն արձագանք է առաջացրել Հայստանում եւ սփյուռքում: Մի շարք հայկական ոչ-կառավարական կազմակերպություններ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, եվրոպական քաղաքական գործիչներ հայտարարություններ ընդունեցին եւ այլ գործողություններ կատարեցին ի պաշտպանություն ջավախքահայ գործչի: Այս անարդար դատավճռի դեմ Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ 2009թ. ապրիլի 14-ին բողոքի ակցիա կազմակերպեց Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը. դրանից երկու օր անց Վահագն Չախալյանը բանտում դաժան ծեծի ենթարկվեց:

Վրաստանը ընդգրկված է Եվրամիության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» և «Արեւելյան գործընկերության» ծրագրերում և դրանց շրջանակներում ստանում է շոշափելի ֆինանսական օգնություն' դրա հետ մեկտեղ բացահայորեն ոտնահարելով մարդու և փոքրամասնությունների պաշտպանության տարրական նորմերը: Նման պայմաններում Եվրամիությունը, շարունակելով համառորեն արհամարհել առկա խնդիրները, փաստացի արտոնում է Վրաստանի իշխանություններին շարունակելու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, արտոնում է հայաբնակ շրջաններում ոստիկանական հալածանքների նոր դրսեւորումները, արտոնում է վրացական իշխանությունների նոր անպատասխանատու քայլերը, որոնք միմիայն օր օրի ավելի են խորացնում Վրաստանի հայաբնակ շրջաններում վախի, հիասթափության եւ օտարման տրամադրությունները: Դրանով Եվրամիությունը կամա թե ակամա դառնում է վրացական իշխանությունների մեղսակիցը' կիսելով իրավիճակի հնարավոր բարդացման համար պատասխանատվությունը:

Հարգելի պրն Սեմնեբի,

Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա՝ մենք կոչ ենք անում Ձեզ տվյալ խնդրում որդեգրել ավելի վճռական եւ գործուն դիրքորոշում՝ փորձելով ,բացատրելե վրացական իշխանություներին, որ իրենց երկրի հայ քաղաքացիների հետ ուժի, ոստիկանական հալածանքների և իրավազրկության դիրքերից խոսելը տանում է դեպի փակուղի, եւ միայն մարդու եւ ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրական ճանաչման, պահպանման եւ իրականացման, ինչպես նաեւ ժողովրդավարական ընթացակարգերի գործնական ներդրման միջոցով է հնարավոր կայուն երաշխիքներ ստեղծել երկրի զարգացման համար:

Միայն սկզբունքային կեցվածք դրսեւորելու միջոցով է հնարավոր իրապես օգնել վրացական իշխանություններին երկրում հաստատել գործող ժողովրդավարական համակարգ,  ինչը իրական կայունության երաշխիք կդառնա ո'չ միայն Վրաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

Այս խորագրի վերջին նյութերը