Քաղաքական

21.03.2016 17:25


Մանուկ Սուքիասյանը՝ Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին. «Վերաբերմունքս ադեկվատ է»

Մանուկ Սուքիասյանը՝ Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին. «Վերաբերմունքս ադեկվատ է»

Օրեր առաջ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ մտադիր է իր համախոհների հետ նոր կուսակցություն հիմնել։ Նրա այդ հայտարարությունը մեծ արձագանք է գտել հանրային լայն շրջանակների մոտ։ Օսկանյանի քաղաքական հայտի հետ կապված «Vesti.am»-ը զրուցել է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի հետ։ Ըստ նրա՝ ՀՀ ցանկացած քաղաքացի քաղաքական գործունեություն իրականացնելու իրավունք ունի։

-Կուսակցություն ստեղծելն ամենաուղիղ հայտն է սեփական գաղափարների հրապարակայնացման ու ընտրողների վերաբերմունքը տեսնելու համար։ Այդ համատեքստում վերաբերմունքս ադեկվատ է,–նշել է Մ. Սուքիասյանը։

Հարցին, թե Օսկանյանն ի՞նչ հնարավորություններ ունի 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում և կարո՞ղ է համախմբել ընդդիմադիր դաշտը, Սուքիասյանը պատասխանել է.

-Մեր երկրում հնարավորություններ ասվածը քաղաքական առումով խիստ խոցելի է, քանի որ դեռևս ոչ մի անգամ հանրության քվեով ընդդիմությունը չի եկել իշխանության զուտ այն պարճառով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Հիմա որքան էլ ձայն հավաքի քաղաքական ուժը, քանի դեռ ունենք ավտոմատների օգնությամբ ձևավորված և ավտոմատի սպառնալիքով մնացած իշխանություններ՝ ընդդիմադիր դաշտի համախմբումը լինելու է շատ պատասխանատու առաքելություն։

Օսկանյանի հետ հնարավոր համագործակցության մասով «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամն ասել է, որ իրենք՝ որպես քաղաքական լուրջ սուբյեկտ, արդեն մասնակցել են համաժողովրդական շարժմանը: Իսկ ապագա համագործակցության հետ կապված՝ հայտնել է հետևյալը.

-Մենք կողմ ենք լայն համախմբումների, համագործակցության՝ հանուն ՀՀ-ում լեգիտիմ իշխանափոխության և ընտրական գործընթացներով երկրի կառավարմանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը