Մեկնաբանություն

25.03.2016 11:05


Քաղաքական դպրոցն ու «Մի՛ քաղաքականացրեք» կարգախոսը

Քաղաքական դպրոցն ու «Մի՛ քաղաքականացրեք» կարգախոսը

Երեկ ՀՀԿ-ի խոսնակը քամի տատանելու արանքում հասցրեց հայտարարել, որ բացելու են քաղաքական դպրոց: Սա շատ ուշագրավ հայտարարություն է, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ ՀՀԿ ղեկավարին կից գործող քաղաքական հաճախորդները, հաստիքային ՀՀԿ-ականները և ներդրված «քաղաքացիականները» տարիներ շարունակ հնչեցնում են «Մի՛ քաղաքականացրեք» կարգախոսը: Ընդ որում՝ նրանք այդ կոչը հնչեցնում են քաղաքական հարցերի հետ կապված:

Իշխանության երիտբոլշևիկյան թևը որդեգրել է «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» դեմագոգիկ հայեցակարգը, որի բուն իմաստն այն է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը:

«Սահմանադրական» հեղաշրջման նպատակներից մեկն էլ այն է, որ «քաղաքականություն» բառը դուրս մղվի մարդկանց բառապաշարից:

Եվ ահա, ՀՀԿ-ի Շարմազանովը խոսում է այն մասին, որ իրենք որոշում են կայացրել քաղաքական դպրոց բացել, ինչը սովետական պարտշկոլայի պես մի բան է հիշեցնում:

Գալուստ Սահակյանով, Կարեն Ավագյանով, Արմեն Աշոտյանով, Սերժ Սարգսյանով, Առաքել Մովսիսյանով, Շուշան Պետրոսյանով, Մարգարիտ Եսայանով և մյուս օդիոզ դեմքերով հանրությանը ներկայացող ուժը քաղաքական դպրոց է հիմնում: Հապա մի հատ իրար կողքի դրեք «Շարմազանով» և «քաղաքական դպրոց», «Սերժ Սարգսյան» և «քաղաքական դպրոց» բառերը ու կզգաք, թե ինչն ինչոց է: Սա, թերևս, ՀՀԿ-ի կողմից ապրիլի 1-ին ընդառաջ ակցիա է:

Ուշագրավ ևս մեկ հանգամանք: Պարզվում է, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը լինելու է Անդրանիկ Մարգարյանի անվան: Այն Անդրանիկ Մարգարյանի, ում վարչապետության տարիները տոտալ քննադատության թիրախ են դարձել Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենայի կողմից: Պատճառն, իհարկե, այլ է, բայց, ամեն դեպքում, քննադատվում և փնովվում է նաև Մարգարյանը:

Տեղին է հիշեցնելը, որ ՀՀԿ-ական մեկ այլ վարչապետ և Սերժ Սարգսյանի սիրելի Տիգրան Սարգսյանը երկնիշ տնտեսական աճի տարիներն անվանում էր փուչիկային: Այսինքն՝ փուչիկային էր համարում նաև Մարգարյանի վարչապետության տարիներին ձեռք բերված արդյունքները:

Ճիշտ է, օֆշորային սկանդալի հերոս Տիգրան Սարգսյանն այն տարիներին ԿԲ նախագահն էր ու լրիվ հակառակ բաներն էր ասում և հետագայում էլ որպես գործադիր մարմնի ղեկավար իր ներկայացրած առաջին ծրագրում գրեց, որ լավ ժառանգություն է ստացել, բայց դե, 2008-ից հետո դրան նախորդող շրջանի ուրացումը դարձավ Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի գլխավոր մեխը:

Մի խոսքով, «Մի՛ քաղաքականացրեք» կարգախոսի սիրահար կուսակցությունը բացում է քաղաքական դպրոց, ինչը նույնն է, թե բոլշևիկները հիմնեին շուկայական տնտեսության ու մասնավոր սեփականության պաշտպանության ինստիտուտ և կոչեին այն կումունիստական գործչի անունով:

Միայն ծուռ հայելիների թագավորությունում է նման բան հնարավոր:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը