Լրահոս

02.12.2009 09:36


Համատեղ հայտարարություն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ

Համատեղ հայտարարություն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ

Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները' Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը դեկտեմբերի 1-ին Աթենքում հանդիպում ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Պատվիրակությունների հինգ ղեկավարները վկայակոչեցին 2008թ. նոյեմբերին Մոսկվայում ընդունված հռչակագրում եւ 2008թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Հելսինկիի նախարարական հայտարարությունում ամրագրված պարտավորություները: Նրանք նշեցին բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումների ընթացքում: Նրանք համաձայնեցին, որ այս հանդիպումների աճող հաճախականությունը զգալիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ընդլայնմանը եւ շարժմանը դեպի 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում:

Արտգործնախարարներ Լավրովն ու Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը' աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում, և կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտելու այդ աշխատանքը' համաձայն հուլիսի 10-ին լ'Աքուիլայում Ութնյակի գագաթաժողովում երեք նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ  հայտարարության: Նրանք ընդգծեցին, որ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը շրջանակային հիմք կծառայի համընդգրկուն կարգավորման համար, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա հիմնված ապագայի կերտմանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել Հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամությունը ավարտելու աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա, ինչպես լ'Աքվիլայում հորդորել են համանախագահ երկրների նախագահները: Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես' Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված' ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը