Մեկնաբանություն

30.03.2016 10:24


Ովքեր և ինչու են դեմ «4+4+4» ձևաչափին

Ովքեր և ինչու են դեմ «4+4+4» ձևաչափին

«4+4+4» ձևաչափին, բնականաբար, դեմ են իշխանությունները, բայց արտաքին ճնշման արդյունքում ստիպված եղան ընդունել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը: Ու որպեսզի ձևաչափն այդ արժեզրկվի, «անկախ» մամուլին ու «խիստ սկզբունքային» քաղաքական գործիչներին հանձնարարել են նեոգեղամյանություն անել:

Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները հիմա տեղափոխվել են «4+4+4» ձևաչափ, և բանակցություններն արդեն կմեկնարկեն այսօր:

«4+4+4»-ն, ըստ էության, խորհրդարանական ձևաչափ է՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, և անհեթեթություն է ասելը, թե ահա ՀԱԿ-ն իշխանությունների հետ նոր երկխոսություն է սկսել և ուզում է գործարքի գնալ (ԸՕ-ի քննարկումների այս ձևաչափը հիշեցնում է պարտադիր կուտակայինի թեմայով ստեղծված ձևաչափը, երբ քաղաքացիական հասարակությունը ներգրավվեց ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին. «4+4+4»-ը ոչ մի բանով նման չէ 2011-ին տեղի ունեցած ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը): Այդ տրամաբանությամբ ԱԺ-ում պետք է որևէ մեկը ներկա չգտնվի, որպեսզի ընդդիմություն համարվի և չկասկածվի իշխանության հետ գործարքի մեջ, բայց չէ՞ որ դա հիմարություն է:

Ուշագրավն այն է, որ 2011-ին տեղի ունեցած ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն այսօր քննադատողներն ու ԸՕ-ի շուրջ վերը նշված ձևաչափով տեղի ունենալիք բանակցությունները սխալ համարողների մեծ մասը երկխոսության հիմնական գաղափարախոսներն ու շահառուներն են եղել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «1in.am»-ն աշխատացնող Արման Բաբաջանյանին և «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Սրանք այն ժամանակ գովերգում էին ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, և, ի դեպ, հենց այդ երկխոսության շրջանակներում Արման Բաբաջանյանը կարողացավ «լեգիտիմացնել» իր՝ Սերժ Սարգսյանի կողմնակից դառնալը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը դուրս եկան բանտից (Նիկոլը բանտից հետո դարձավ Արշակ Սադոյանի ու Արտաշես Գեղամյանի խառնուրդ հիշեցնող պատգամավոր, իսկ Սասունը բանտից հետո սկսեց անխնա ձևով քծնել Սերժ Սարգսյանին և երազում է, թե երբ պետք է շահի «իր մարտական ընկերոջ» սիրտն ու վերադառնա նախկին կարգավիճակին): Հիմա «ինստիտուցիոնալ» Նիկոլն ու «քաղաքացիական» Սասունը նոր կուսակցություն են հիմնել և հայտնվել, պատկերավոր ասած, «Ռոսիա Մոլում», այն է՝ արմանբաբաջանյանների ճամբարում:

Ուշագրավ է նաև այն, որ Բ26-ն իր քարոզչագործիքների միջոցով քննադատում է «4+4+4» ձևաչափը՝ օգտագործելով հետևյալ կոդը. «Ախր, ինչպե՞ս կարող է ընդդիմությունը մի սեղանի շուրջ նստել և հարց քննարկել այդ սրիկա իշխանությունների հետ»: Ասել է թե՝ իշխանություններն ընտրել են ինքնափչացման տեխնոլոգիան (միևնույն է՝ նորովի փչանալու տեղ չկա), քանզի համոզված են, որ այդպիսով կարող են տարատեսակ «մուտիլովկաներ» տարածել: Հենց այսպես էլ ձևավորվում է գաղջ մթնոլորտը, երբ պատվիրատուն հաճախորդին վճարում է իրեն փչացնելու համար, իսկ հաճախորդն էլ կատարում է պատվիրատուին հայհոյելու առաջադրանքը և իրեն լավ զգում, որ «թունդ ընդդիմադիր» է աշխատել ու պատվիրատուի հետ կարողացել է ֆռռացնել հանրության մի մասին: Ինչևէ:

Իշխանությունները, բնականաբար, չեն կարող խոստովանել, որ այդ «4+4+4» ձևաչափն իրենց սրտով չէ և պարտադրված է արտաքին ուժերի կողմից: Ճիշտ է, արտաքին ուժերը հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի համար չեն պահանջում կոնսենսուսային տարբերակով ընդունված նոր ԸՕ և արդար ընտրությունների անցկացում (Արևմուտքը պարբերաբար աջակցել է Հայաստանում տեղի ունեցած ընտրակեղծիքներին ու դարձել դրանց հովանավորը՝ սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով), սակայն տվյալ դեպքում դա չէ էականը: Էականն այն է, որ համընկնում են դրսի ուժերի ու ՀՀ քաղաքացիների շահերն ընտրության լեգիտիմության ապահովման հարցում:

Եվ ուրեմն, պետք է առավելագույն ճնշումներ բանեցնել և զիջումներ կորզել: Որքան մեծ լինի հանրային ու քաղաքական համախմբումը, այնքան մեծանում են զիջումներ կորզելու հնարավորությունները: Իսկ թե կողքից իշխանություններն ինչպիսի գործիքներ կօգտագործեն, և ովքեր «թունդ ընդդիմադիրի» կարգավիճակով հանդես կգան իշխանության ընդդիմախոսների դեմ, չորրորդական նշանակություն ունի:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը