Լրահոս

13.10.2010 10:19


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մենք գիտենք, որ դուք նորից տարածաշրջանում եք: Եվ միջազգային հանրության հանձնարարականով իրականացվող հերթական առաքելությամբ: Եվ գիտենք, որ այդ առաքելությունը ֆորմալ տեսակետից մեզ էլ է վերաբերվում: Եվ նախ և առաջ մեզ: Եվ գիտենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, դուք մեզ չեք հանդիպելու: Ավելին, մեզ վերաբերող ոչ մի հարցով չեք զբաղվելու: Մեր մասին ոչ մի տեղ և ոչինչ չեք գրանցելու: Որովհետև մենք նրանք ենք, ով արդեն չպետք է լիներ: Ով արդեն 20 տարուց ավել այս տարածաշրջանում շարունակվող թոհուբոհի, դժբախտությունների և ողբերգությունների անվերջ թվացող մի շրջանի նշանակված զոհն է: Մենք արդեն չպետք է լինեինք, բայց կանք: Ավելին, մտադիր չենք արդեն մեզ համար նախապատրաստված ճակատագրի լուռ ու հնազանդ խաղալիքը լինենք, այլ պատրաստ ենք ուժերի առավելագույն կենտրոնացումով և համախմբումով պայքարել մեր ոտնահարված արժանապատվությունը վերականգնելու, մեզ' նման ճակատագիր գծագրողներին և մեր հանդեպ այն իրականացնողներին մերկացնելու և արժանի հատուցման առջև կանգնացնելու, մեր բոլոր ոտնահարված իրավունքները վերականգնելու: Ինչպես արդեն կռահեցիք, մենք Ադրբեջանից ազգությամբ հայ բռնագաղթվածներն ենք: Մեզ հետ միասին այդ նույն ճակատագրին Ադրբեջանում արժանացել են նաև բազմաթիվ ասորիներ և ռուսներ, լեզգիներ ու թալիշներ, հրեաներ, հույներ, ուդիներ և անգամ' ադրբեջանցիներ: Սակայն ամենամեծ հատվածը բռնագաղթածների, այնուհանդերձ, հարյուր հազարավոր հայեր էին: Երբ 88-ին առաջին ջարդարար հրոսակախմբերը սկսեցին իրենց ներխուժումները հայերի տները' Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում, Ադրբեջանի հայաբնակ բոլոր վայրերում, երբ մարդկանց բռնաբարում, սպանում, տանջում էին ամբոխները' ուղղակի քաղաքների և ավանների փողոցներում և հրապարակներում, անգամ երբ այդ ամենը վերածվեց հարյուր հազարավոր խելագարների շաբաշների, (խելագարների' որոնց սկսեցին ղեկավարել ապագա անկախ Ադրբեջանի պարագլուխները), անգամ այդ ժամանակ մենք դեռ հրաժարվում էինք այդ ամենում որևէ օրինաչափություն, կառավարող ձեռք տեսնել: Այդ ամենը մեզ թվում էր մի սարսափելի, վայրագ արձագանք Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման մարմինների ինքնորոշման մասին ընդունած բանաձևերի: Բայց չէ որ մեզանից այդ քայլի կապակցությամբ ոչ ոք ոչ մի պաշտպանության խոսք, էլ ուր մնաց գործողություն, չէր կատարել, շատերը, հակառակը, հրապարակայնորեն' թերթերով, հեռուստատեսությամբ, դատապարտել էին այն. այնպիսի սարսափ էր պատել մարդկանց, որ որևէ այլ արձագանք ուղղակի բացառվում էր: Բայց չնայած այս ամենին, մարդկանց շարունակում էին սպանել, նրանց ունեցվածքն առևանգել և այրել' զուտ այն պատճառով, որ նրանք հայեր են:

Հետագայում  տարբեր գիտակներ բացատրում էին, որ եղածը ԽՍՀՄ ղեկավարության ռեակցիոն-պահպանողական թևի դրդածն ու կազմակերպածն էր' Հայաստանում ու Ղարաբաղում բուռն զարգացող ժողովրդավարական գործառույթները խափանելու համար: Տարիներ անց, ամփոփելով եղածը, գիտակների մի այլ խումբ պնդում էր, որ իրականում տարածք է ազատվում ապագա նավթային-էներգետիկ կոմունիկացիոն միջանցքի համար, և էթնիկ զտումները այդ միջանցքի տարածքում կայունություն ապահովող գործողությունների բաղկացուցիչ մասն էր: Այս վերջին' անհեթեթ ու ֆանտաստիկ թվացող վարկածն առաջ քաշողները նշում էին եղածի բացարձակ նույնությունը 1915 թվականի ցեղասպանության հետ: Վերլուծաբանները հետագայում որպես Արևմտյան Հայաստանի տարածքներում իրականացված ցեղասպանության հիմնական պատճառ մատնանշում էին ռեգիոնում բացարձակ կայունության ապահովումը' այդ տեղով նախատեսված Մերձավոր Արևելք (Իրաք, Եվրոպա), ըստ էության' նավթային-էներգետիկ երկաթուղու կառուցման ու շահագործման համար:

Այս ամենը մենք երկար ժամանակ զուտ դատարկ մտավարժանքներ էինք համարում, համոզված լինելով, որ ԽՍՀՄ-ը, իսկ վերջինիս փլուզումից հետո' նրա իրավահաջորդ Ռուսաստանը, անկախություն և ժողովրդավարություն հռչակած Ադրբեջանը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, վաղ թե ուշ կհայտնաբերեն մեղավորներին և կպատժեն նրանց, մեկ առ մեկ կգտնեն մեզ բոլորիս, որտեղ էլ որ մենք լինենք, կվերականգնեն մեր բոլոր իրավունքները' նախ և առաջ մեր հայրենիքում ազատ ապրելու, ուր տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների հետ միասին նոր ժամանողների հետ համակեցության հնարավորություններ շոշափելով և հաստատելով հազարամյակներ շարունակ ապրել են մեր նախնիները:

Ցավոք, իրականությունը գերազանցեց բոլոր ամենամռայլ կանխատեսումները: Մեզ ոչ ոք ոչ մի տեղ չէր սպասում: Փլուզվող Խորհրդային Միությունը, նրա փլատակների վրա ձևավորված իրավահաջորդ Ռուսաստանը, թաթախված էին սեփական պրոբլեմներում, և նորերը նրանց պետք չէին: Անկախ Ադրբեջան հռչակեցին ու նրա ղեկը շատ դեպքերում զավթեցին հենց այն անձինք, ովքեր կազմակերպում էին հայերի ջարդերը: Իսկ այն ադրբեջանցիները, ովքեր ինչ-որ ձևով փորձում էին ընդդիմանալ ջարդարարներին, օգնել մեզ, իրենք իսկ հայտնվեցին արդեն քաղաքական հալածյալների և վտարանդիների դերում: Այդ Ադրբեջանը շարունակեց վերջին տասնյակ հազարավոր հայերի ջարդերն ու բռնագաղթը: Պատերազմի հետևանքով Ղարաբաղի շուրջ առաջացած ամայի գոտում բնակություն հաստատած բռնագաղթվածներին նա անդադար սպառնում էր պատերազմով, գնդակոծում և դիվերսիաներ իրականացնում այնտեղ: Նա ոչ միայն նավթի վաճառքից առաջացած հսկայական գումարներից այդ մարդկանց հասնող մասը չտրամադրեց նրանց' այդ տարածքներում բնակություն հաստատելու նպատակով, այլև օգտագործեց այդ միջոցները սպառնալիքները և դիվերսիաները ավելացնելու, արտաքին աշխարհին այդ շանտաժի մասնակիցը դարձնելու նպատակով: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, աշխարհի առավել ազդեցիկ մի շարք պետություններ, որդեգրելով այդ նույն խաղի կանոնները, անտեսում էին մեզ ամենուրեք. Մենք չէինք հիշատակվում և ոչ մի բանակցությունների ընթացքում, ոչ մի ընդունված փաստաթղթում: Գրեթե բոլոր երկրներում, որտեղ մենք հանգրվան էինք գտնում, մենք անցանկալի էինք: Մեծագույն դժվարությամբ ապրուստ էինք հայթայթում, ամեն վայրկյան ենթակա էինք արտաքսման: Իսկ արտաքսելու էին մեզ... Բաքու, քանի որ այդպես էր «որոշել» «համաշխարհային հանրությունը», ի դեմս... Մինսկի խմբի: 2007-ին զարմանքով կարդում էինք Միջազգային Ճգնաժամային Խմբի առաջարկը Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք պայմանագրի մասին, առաջարկելով, որ այնտեղ ներառվի արգելքը Ղարաբաղի փաստացի իշխանություններին' նրա շուրջ տարածքներում հայերին բնակեցնելու, նրանց կողմից ինքնակառավարման մարմիններ ստեղծելու, նրանց կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու և մի շարք այլ հարցերում: Սակայն այդ զեկույցում փաստացի կեղծիք կար: Այն ընդամենը արտահոսք էր, իսկ առաջարկը արդեն իրականացվում էր: Անհասկանալի էր, թե միջազգային հանրության որ ատյանները (ըստ ամենայնի' Մինսկի խումբը և ուրիշներ) ինչպիսի ճնշում էին գործադրել Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների վրա, սակայն Ադրբեջանից բռնագաղթվածների համար բոլոր արտոնությունները սրընթաց վերացվում էին, բոլոր արտոնությունները կրճատվում' 2003-2004 թվականներից սկսված մինչև այսօր Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր տարածքներում:

Այսպիսով, Ադրբեջանից բռնագաղթված հայերի (իսկ միգուցե և այլ «անցանկնալի» ազգությունների ներկայացուցիչների) համար թողնված էր միայն մեկ հեռանկար. ոչնչանալ, տարրալուծվել, կորչել որպես միասնություն, խնդիր, պրոբլեմ, ժամանակակից աշխարհի ճարտարապետների ձեռքերը ապագան գծագրելիս ավելորդ պրոբլեմներից ազատելու համար:

Բայց մենք պատմության դառը էջերի դասերը քաղելով, որոշեցինք այլևս չսպասել' ըմբոստանալ: Մենք, 1915 թվականի զոհերի նման, լուռ չենք պառկելու գերազմաններում, ցիրուցան չենք թափառելու աշխարհով մեկ' սպասելով, թե երբ աշխարհի հզորներին ձեռնտու կդառնա խոսել ցեղասպանություններից և հատուցումներից: Մենք հենց այսօր ձեռնամուխ ենք եղել հրավիրելու ադրբեջանահայության (ըստ ամենայնի նաև Ադրբեջանի այլ հալածյալ ազգերի և քաղաքական հետապնդումների ենթակաների) համագումար, որտեղ կձևավորենք մի պետաիրավական, քաղաքական կառույց, որը կկարողանա ստանալ պատասխանը, թե ով և ինչու է իրականացրել այն բոլոր հանցագործությունները մեր հանդեպ, որոնց մենք բախվեցինք վերջին քսանամյակում, ով և ինչու շարունակում է մեր հանդեպ այդ հետապնդումների շղթան, և ինչպես կառուցել ու կարգավորել մեր կյանքն այսօր:

Հույս ունենք, որ ձեզնից, միջազգային կառույցներից, օտարերկրյա պետություններից, Ադրբեջանից, Ղարաբաղից, Հայաստանից նրանք, ովքեր ակամա են ներգրավված եղել այս արատավոր գործընթացներում, համարձակություն կգտնեն իրենց մեջ ետ կանգնել և հաղթահարել այն անօրությունները, որոնք ստեղծվել են նաև իրենց ակամա մասնակցությամբ:

Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը