Լրահոս

13.10.2010 15:38


ՀՅԴ պատվիրակությունը Բաքվից վերադարձել է Երևան

ՀՅԴ պատվիրակությունը Բաքվից վերադարձել է Երևան

Այսօր առավոտյան ժամը 05։30-ին ՀՅԴ պատվիրակությունը վերադարձել է Բաքվից, որտեղ մասնակցում էր Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովին։

Պատվիրակության անդամներ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանն իրենց այցն ընդհանուր առմամբ դրական են գնահատել։ Ներկայացնելով մանրամասները՝ Մարիո Նալբանդյանն ասել է, որ ժողովի օրակարգում քննարկվել են ոչ միայն ԼՂ հակամարտության հարցը, այլև Ռուսաստան-Վրաստան զարգացումները և ընդհանրապես տարածաշրջանային խնդիրներ։ Ժողովի երկրորդ մասը ներառել է յուրաքանչյուր երկրի վերաբերյալ տեղական զեկույցներ։

Անդրադառնալով Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արազ Ալիզադեի և Կիրո Մանոյանի միջև ծագած վիճաբանությանը՝ Մարիո Նալբանդյանը նշել է, որ Ալիզադեի հարձակումներին համարժեք և փաստարկված պատասխան տրվեց։

-Մենք գոհ ենք, որ որպես կուսակցություն՝ այն ներդրումը բերեցինք, որը մեզնից սպասվում էր Սոցինտերնի շրջանակներում,-ասել է Մ. Նալբանդյանը։

Նա նաև նշել է, որ նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայանալու է Սոցինտերնի խորհրդի ժողովը, որը գումարվում է տարին երկու անգամ։

-Առաջարկ է եղել, որ մինչ այդ ժողովը Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Դաշնակցությունն իրենց տեսակետներն առաջարկեն, և փորձ արվի այդ առաջարկները համադրել։ Եթե համադրվի, ժողովին կներկայացվի բանաձևի տեսքով։ Սա պայման չէ, ուղղակի առաջարկ է,-ընդգծել է Մարիո Նալբանդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը