Լրահոս

13.10.2010 11:47


Բակո Սահակյանը մասնակցել է լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համահայկական համաժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքով հանդես է եկել «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում։

«Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում և ի սրտե շնորհավորում լրատվամիջոցների ու լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի մեկնարկի կապակցությամբ: Այն, որ համաժողովը անց է կացվում մեզ մոտ' Արցախում, չափազանց կարևոր ու խորհրդանշական է բոլոր առումներով:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մասնավորապես, սփյուռքի նախարարությանը' այս հանգամանքը հաշվի առնելու և Ստեփանակերտում համաժողովը բարձր ներկայացուցչական մակարդակով կազմակերպելու համար: Համոզված եմ, որ այն դրական դերակատարություն կունենա համահայկական տեղեկատվական դաշտի զարգացման գործում:

Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ սփռված հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, Արցախի միջազգային ճանաչման, համազգային նպատակների իրականացման հանգուցային բաղադրամասերից է:

Անգնահատելի է հայ լրատվության դերը համահայկական կարևորագույն խնդիրների' հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնահարցի ճշմարտացի լուսաբանման գործում: Այս խնդիրների լուծումն անհնարին է առանց հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնական ջանքերի համախմբման: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ կապեր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև:

Ողջունելի է, որ համաժողովի ընթացքում լայնորեն կքննարկվեն վերոհիշյալ հարցերը: Հուսով եմ, այդ քննարկումներն օգտակար կլինեն միասնական լրատվական ճակատն ուժեղացնելու, առկա բացերը շտկելու, կեղծիքների վրա հիմնված հակառակորդի քարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակման տեսանկյունից:

Բարեկամներ, վստահ եմ, որ այս համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը