Լրահոս

13.10.2010 17:22


Կ. Մանոյան. «Ալիզադեն իր պատասխաններում նախընտրական քարոզարշավ էր տանում»

Կ. Մանոյան. «Ալիզադեն իր պատասխաններում նախընտրական քարոզարշավ էր տանում»

-Վերաբերմունքը մեր նկատմամբ նորմալ էր այն պայմաններում, ուր մենք գտնվում էինք։ Այսինքն անվտանգության պայմանները շատ խիստ էին, բայց մեր հանդեպ վարվեցին քաղաքավարի, արարողակարգային պայմանների սահմաններում, միջադեպ տեղի չունեցավ, բացի նրանից, որ չկարողացանք անմիջապես օդանավակայանից դուրս գալ,-Բաքվում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին խոսելիս ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը։

Ինչ վերաբերում է Բաքվում ՀՅԴ պատվիրակության այցի դեմ կազմակերպված բողոքի ցույցին, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ իրենք հանրահավաք չեն տեսել։

-Մենք հասանք 14։30-ին, ժողովը պետք է սկսվեր 15։00-ին։ Այդ ընթացքում, որ մենք հյուրանոցում էինք, հետո ժողովատեղիում, ոչ մի ցուցարարի չենք տեսել։ Ոչ ոք ցուցարարների խումբ չի տեսել,-ընդգծել է Կ. Մանոյանը։

Անդրադառնալով իր և Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի վիճաբանությանը՝ Կիրո Մանոյանն ասել է, որ նրա հետ ինքը մասնակցել է ադրբեջանական հեռուստաընկերության կազմակերպած հարցազրույցին, և ժողովին տեղի ունեցած բանավեճի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունն այնքան էլ ճիշտ չէ։

-Ալիզադեն իր պատասխաններում, փաստորեն, նախընտրական քարոզարշավ էր տանում։ Այնքան անհեթեթ բաներ ասվեց, որ իմաստ էլ չունի պատասխանել, բայց լրիվ անպատասխան թողնելն էլ ճիշտ չէր։ Օրինակ, նա Աղթամարի մասին գիտի որպես կոնյակի։ Եթե ես Ալիզադեի ասածները որպես չափանիշ ընդունեմ, նշանակում է, որ մենք 100 տարի սովորեցնելիք ունենք այդ մարդկանց,-ասել է Կիրո Մանոյանը՝ այդուհանդերձ նշելով, որ 93 տարի հետո ՀՅԴ առաջին պատվիրակության այցը Բաքու եթե անգամ ինչ-որ դիմադրության հանդիպեց, ինչ-որ կարծրատիպ նաև կոտրեց, և ժամանակի ընթացքում իր ազդեցությունը կարող է ունենալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը