Լրահոս

14.10.2010 13:52


Նախագահականում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում կառուցապատման աշխատանքների կատարման ընթացքը

Այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Շիրակի եւ Լոռու մարզերում պետական միջոցներով իրականացվող կառուցապատման աշխատանքների եւ մեկ շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը խորհրդակցությանը մասնակցող բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ հիշեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը' խստագույնս հետեւել պետական սուղ միջոցներից աղետի գոտում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների որակին եւ ժամանակացույցին' ապահովելով մարդկանց բնակության համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային, ենթակառուցվածքային նվազագույն բոլոր պայմանները:  «Որակի հետ կապված ցանկացած թերություն հայտնաբերելու դեպքում' շինարարությունը պետք է դադարեցնել եւ կառուցապատողին պարտավորեցնել անմիջապես շտկել թերությունը, որպեսզի բնակիչները հետագայում խնդիրներ եւ դրանց հետ կապված դժգոհություններ չունենան: Պետությունն անում է ամեն հնարավորը' մարդկանց բնակարանով ապահովելու  կենսական նշանակության այդ խնդրի լուծման համար, ուստի շինարարությունն իրականացնողների եւ այլ պատասխանատուների պատճառով չպետք է դժգոհություններ առաջանան»,-ասել է Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

ՀՀ քաղաքաշինության նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Սպիտակ քաղաքում եւ գյուղական բնակավայրերում կառուցապատման աշխատանքների ընթացքը, Գյումրիի «Մուշ-2» թաղամասում բնակելի շենքերի շինարարության ժամանակ հայտնաբերված թերությունների շտկման նպատակով ձեռնարկված աշխատանքն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ այսուհետ դրանք բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Այս խորագրի վերջին նյութերը