Մեկնաբանություն

26.04.2016 18:30


Վարդան Այվազյանը բացում է փակագծերն ու մեղադրում «Գեբելսյան» քարոզչամեքենայի տերերին

Վարդան Այվազյանը բացում է փակագծերն ու մեղադրում «Գեբելսյան» քարոզչամեքենայի տերերին

Չորսօրյա պատերազմը մեր հանրության համար տեսանելի դարձրեց, թե ինչով է զբաղված եղել Սերժ Սարգսյանն իր նախագահության շրջանում։

«Բլումբերգին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցն էլ բացահայտեց, թե ինչու է հայկական բանակի արդիականացման հարցը չորրորդական դարձել նրա համար։ Պարզվեց, որ Սարգսյանը պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղի շրջաններն ու անվտանգության հարցը թողնել խաղաղապահների վրա։

Հիմա, երբ մենք ունենք զոհեր, վիրավորներ և կորցրած տարածքներ, Սարգսյանն իրեն կից «Գեբելսյան» քարոզչամեքենայով փորձում է կեղծ թիրախներ հրամցնել հանրությանը՝ խուսափելու համար պատասխանատվությունից։

Նախ՝ պատերազմի մեղավոր հռչակվեց Ռուսաստանը, որը զենք է վաճառել Ադրբեջանին։ Սակայն դա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս՝ առավել խոցելի կողմը, որին պատասխանելուց խուսափում է ՀՀԿ ղեկավարը, այն է, թե ինչու պաշտոնական Երևանը մատը մատին չի տվել, չի արդիականացրել մեր բանակն ու զորքին թողել է մինչև ատամները զինված թշնամու դեմ անպաշտպան։ Իսկ պատասխանը շատ պարզ է՝ Սարգսյանը համարել է, որ պետք է վերադառնալ տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակին, հանձնել տարածքներն ու խաղաղապահների հույսին թողնել մեր հայրենակիցների անվտանգությունը։ Դա նշանակում է, որ նա չի կատարել գերագույն գլխավոր հրամանատարի ու անվտանգության երաշխավորի՝ սահմանադրորեն ամրագրված գործառույթը։

Հաջորդ «մուտիլովկան», որի միջոցով Սերժ Սարգսյանն ուզում է սեփական հսկայական մեղքի բաժինը կոծկել, «յուրայիններին» մեղադրելն է։ «Գեբելսյան» քարոզչամեքենան բերանի ծամոն է դարձրել պաշտոնյաների ու, այսպես կոչված, օլիգարխների ունեցվածքի հարցը։

«Եթե նրանք ճոխ չապրեին, ապա մեր բանակը հնարավոր կլիներ զինել ժամանակակից զենքով»,– քարոզում են Սերժ Սարգսյանի հաճախորդները։

Պետք է հստակ ընդգծել, որ դա էլ է բլեֆ և էժանագին «տրյուկ», քանզի Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է, ում նախագահության օրոք տեղի է ունեցել բիզնես դաշտի կենտրոնացում (այդ գործընթացը շարունակվում է), ինչպես նաև մի քանի միլիարդ դոլարի վարկի մսխում։ Ասել է թե՝ թալանի ճարտարապետն ու իրականացնողը Բ26–ն է, և պետք չէ կեղծ թիրախներ հրամցնել։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն անդրադարձել են այդ թեմային՝ անուղղակիորեն մեղադրելով Սերժ Սարգսյանին այս նեոբոլշևիկյան քաղաքականության համար։

Այդ հարցի կապակցությամբ իր տեսակետները ապրիլի 24–ին հնչեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, թե բանակի սպառազինությունների համար անհրաժեշտ գումարները կան։ Այդպիսով Աբրահամյանը ցույց տվեց, որ բանակի արդիականացման խնդրի պահով շատ կոնկրետ պատասխանատու կա։

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ իրեն հատուկ ոճով բացեց փակագծերն ու հակադարձեց «Գեբելսյան» քարոզչամեքենային՝ նշելով, որ Սերժ Սարգսյանին քաղտեխնոլոգիայի կիրառման միջոցով պատասխանատվությունից փրկել փորձող լրագրողները թող սկսեն իրենց ֆինանսավորողից (տե՛ս կից տեսանյութը)։

Պաշտոնյաների ունեցվածքի մասին հարցին ի պատասխան՝ Վ. Այվազյանը նետեց. «Գնացեք ձեր տիրոջը ասեք»։

Դատելով ամենից՝ իշխանական բուրգում շատ լավ հասկացել են վերևից ուղղորդվող կեղտոտ խաղի իմաստը և որոշել են հակադարձել։

Եթե Սերժ Սարգսյանն իր դիշովկեքի միջոցով «յուրայիններից» պահանջում է 5–ական միլիոն դոլար, ապա բնական է, որ «յուրայիններն» էլ ցույց են տալիս, թե ումից է պետք սկսել։

Օրինակ՝ «1in.am»-ի «թունդ ընդդիմադիր» և «անկախ» ներկայացող, ինչպես նաև «հակաօլիգարխիկ» պայքարի դրոշակակիր ինքնահռչակվող Արման Բաբաջանյանն իր կայքն աշխատացնելու միջոցով հսկայական դղյակի տեր է դարձել։ Դղյակ, որը մի քանի հայուր հազար դոլար արժե։ Հռետորական հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդքան գումար բանակի դասալքության համար դատապարտված և Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ քարոզչություն իրականացնող սույն անձնավորությանը։ Ի դեպ, նմանատիպ ճոխ ծախսեր են կարողանում իրենց թույլ տալ նաև «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործիք հանդիսացող մյուս խմբագիրները։ Եվ ուրեմն, դեմագոգիայով թող չզբաղվեն։

Իշխանական բուրգի անդամները շատ լավ գիտեն, թե որտեղից են բուսնում «անկախ» մամուլի ականջները։ Դա է պատճառը, որ նրանց նյարդերը տեղի են տալիս ու ստիպում անկեղծանալ։

Իշխանության ներսում բոլորն էլ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը պատասխանատվությունից խուսափելու համար քավության նոխազներ է փնտրում, և հասկացնում են, որ չեն թույլ տալու իրենց քավության նոխազ դարձնել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը