Լրահոս

14.10.2010 16:02


ՀՅԴ պատգամավոր. «ՀՀ կառավարությունն ու իշխանությունը պետք է պատասխանատվություն կրեն նաև տնտեսական կյանքի համար»

ՀՅԴ պատգամավոր. «ՀՀ կառավարությունն ու իշխանությունը պետք է պատասխանատվություն կրեն նաև տնտեսական կյանքի համար»

««Ակցիազային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փաթեթին անդրադառնալով, մասնավորապես հարցին, թե այն արդյոք արտաքին ճնշմա՞ն հետևանք էր՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ասել է՝ չի ընդունում «արտաքին ճնշում» արտահայտությունը, և իր կարծիքով ճնշում են նրան, ով ցանկանում է և պատրաստ է զիջումներ անել։

-Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Ուկրաինայի կամ Ռուսաստանի փոխնախարարի մակարդակով գրված գրությունը կարող է համարվել քաղաքական ճնշում։ Երկրորդ, ակնհայտ է, որ օրինագիծը ներկրողների լոբինգի արդյունք է, որն իրականացվել է համապատասխանաբար թե՛ Հայաստանում, թե՛ դրսում։ Սա նաև կառավարության կողմից անգործության արդյունք է,-ասել է Արա Նռանյանը։

Նա նշել է, որ Հայաստանը՝ որպես 4 մլրդ դոլարից ավել ապրանք ներկրող, ինքն է նաև լծակ ունեցող երկիր, և նույնպես ինչ-որ բան է տալիս ու կարող է դրա դիմաց նաև ինչ-որ բան պահանջել։

-Այլ հարց է, որ մեր կառավարությունն ասում է, թե ինքն այդ ամենի հետ կապ չունի, և դա իր խնդիրը չէ։ Մեր կառավարությունն արտաքին տնտեսական խնդիրները լուծելուց ուղղակի հետ է կանգնել։ Երբ ինձ ասում են, թե Ռուսաստանի կողմից կոնյակի դեմ ինչ-որ պատժամիջոցներ կկիրառվեն, ես դա գնահատում եմ հետևյալ կերպ. որ պարզապես մերոնք չեն աշխատում, և ոչ թե Ռուսաստանի դաշնությունն է պատժամիջոց կիրառում, այլ պարզապես ինչ-որ մարդիկ Ռուսաստանում շահագրգիռ են Հայաստան  իրենց ապրանքները ներկրելով և կարողանում են ինչ-որ ներքին մեխանիզմներով խոչընդոտել մեր ապրանքների արտահանմանն այդ երկիր։ Բայց ես չեմ հավատում, թե քաղաքական մակարդակով կան խնդիրներ։ Ձեռքերը լվանալ, ետ քաշվել  և ասել, թե տնտեսվարողի խնդիրները նրա խնդիրներն են, և կառավարությունն այստեղ անելիք չունի, հենց սա է նաև մեր հիմնական գաղափարախոսական տարբերություններից մեկը։ ՀՅԴ-ն ասում է, որ ՀՀ կառավարությունն ու իշխանությունը պետք է պատասխանատվություն կրեն նաև տնտեսական կյանքի համար և ապրեն յուրաքանչյուր տնտեսվարողի հոգսով,-ասել է Ա. Նռանյանը և հավելել, որ դա իրականում նշանակում է աջակցել, այլ ոչ թե միջամտել։

Ինչ վերաբերում է ««Ակցիազային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փաթեթի բուն նպատակին, Ա.Նռանյանն ասել է, թե նախկինում «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության հետևանքով ավելացան տեղական արտադրության ծավալը, վճարվող հարկերը, և ներկրողները ծավալային առումով կորուստներ ունեցան ու որոշ գումարներ ավելի քիչ վաստակեցին.

-Սա ուներ մի քանի նպատակ, և պարտադիր չէ, որ բոլոր նպատակները գան մեկ կետից։ Մեկը ներկրողների շահերի պաշտպանությունն էր, երկրորդը բյուջեի ավելացումն էր, և երրորդը նաև կարծում եմ՝ գաղափարախոսական էր, որովհետև կառավարության թիմում կան մարդիկ, ովքեր իսկապես հավատում են, որ տեղական արտադրողի և ներկրողի շահերը պետք է լինեն հավասարապես պաշտպանված,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը