Լրահոս

04.12.2009 18:00


ԱԺ հանձնաժողովում Արցախի ճանաչման օրինագծի քննարկումը մինչև 90 օրով հետաձգվեց

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցը: Օրինագիծը դեռեւս հոկտեմբերի 14-ին Աժ նախագահին էր ուղարկվել «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորների (Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան) կողմից եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դրվել հոկտեմբերի 15-ին: Օրինագծի համահեղինակ եւ զեկուցող Ստյոպա Սաֆարյանը հարկ չհամարեց մանրամասնորեն ներկայացնել օրինագիծը, քանի որ այն, ըստ էության, նույնական է 2007թ. օգոստոսի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած օրինագծի հետ: Բացի այդ, հիմնավորումները կցված են նախագծին եւ պատգամավորները քաջածանոթ են դրանց: Անդրադառնալով օրինագծի վերաբերյալ վերջին շրջանում քաղաքական ուժերի հայտնած հրապարակային կարծիքներին'  Սաֆարյանը նշեց, որ իրենց ըմբռնմամբ, հիմնական տարաձայնությունը վերաբերում է օրինագիծն ընդունելու պահի նպատակահարմարությանը, քանի որ «Ժառանգության» պատգամավորները գտնում են, որ դա կարող է տեղի ունենալ առանց ձգձգումների, մինչդեռ այլոք դա նպատակահարմար չեն համարում այս պահին: Մասնավորապես, նույնպիսի գնահատական օրինագծին տվել էր ՀՀ կառավարությունը իր 19.11.2009թ. եզրակացության մեջ' առանց հիմնավորումներ բերելու, սոսկ նշելով, որ. ՀՀ կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը: Այսպիսի դիրքորոշումը հիմք տվեց Սաֆարյանին հանձնաժողովին առաջարկելու ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տալ օրինագծին, իսկ ԱԺ նիստում այն քննարկելու ու ընդունելու ժամանակը հետագայում որոշել քաղաքական համաձայնության ճանապարհով, կամ անգամ վերապահել գործադիրին: Սաֆարյանը հիշեցրեց նաեւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ոտնձգությունները վերսկսելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը (ՀՀԿ) մասնավորապես փորձեց իմանալ հեղինակների կարծիքն այն մասին, թե արդյո՞ք օրինագծի ընդունումը առիթ չի հանդիսանա Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու համար, արդյո՞ք այն պատերազմ չի կանխորոշի: Սաֆարյանը պատասխանեց, որ թեեւ մինչ այժմ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ չի ներառել ճանաչման հարցն իր պաշտոնական օրակարգերում, սակայն Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի եւ արդեն բացահայտ հոխորտում այդ մասին: Դա նշանակում է, որ ճանաչումը կամ դրա սպառնալիքը չէ պատճառը, այլ այն, որ անկախ ներկայիս տարածքային իրողություններին (ԼՂՀ ինքնիշխանության տակ գտնվող) Հայաստանի կամ ԼՂՀ-ի տված իրավական գնահատականից, միեւնույնն է Ադրբեջանն Արցախն իրենն է համարում' Հայաստանին փաստացիորեն մեղադրելով ԼՂՀ-ն բռնակցելու մեջ: Հետեւաբար ներկայացված օրինագիծը ոչ մի կապ չունի պատերազմի վերսկսման ռիսկերի մեծացման հետ: Համլետ Հարությունյանը դիրքորոշում հայտնեց, որ համազգային հարցերի կապակցությամբ անհատ պատգամավորներն ու խմբակցությունները չպետք է նախաձեռնություններ հանդես բերեն, վերջիններս պետք է հրաժարվեն նման հարցեր բարձրացնելուց  եւ դրանք վերապահվեն բացառապես ՀՀ նախագահին: Սաֆարյանը ափսոսանքով հիշեցրեց, որ նախաձեռնությունը ներկայացնելու ժամանակ դիմել են բոլոր խմբակցություններին ու անկախ պատգամավորներին' իբրեւ համահեղինակներ դրան միանալու առաջարկով, սակայն մերժվել են կամ անպատասխան մնացել: Նա նաեւ չհամաձայնեց այն մտքի հետ, որ համազգային հարցերի լուծումը պետք է թողնել միայն նախագահի հայեցողությանը, քանի որ նախ պարզ չէ, թե ո՞րն է համազգային խնդրների շրջանակը, ապաեւ' աշխարհի բազմաթիվ երկրներում խորհրդարաններն իրենք են ճանաչման ակտի նախաձեռնողներն ու գործուն արտաքին քաղաքականության սուբյեկտը: Օրինագծին դրական եզրակացություն տալուն դեմ արտահայտվեց նաեւ Լյովա Խաչատրյանը (անկախ պատգամավոր): Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) նույնպես աննպատակահարմար համարեց օրինագծի քննարկումն ու ընդունումը' հայտնելով, որ նախկինի նման ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է հստակություն մտցնի եւ ուղենիշներ տա, թե խորհրդարանն ինչպես վարվի նման դեպքերում: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կառավարության դիրքորոշումը հայտնի է, ներկայացրեց երեք հիմնական պատճառ, իսկ մնացած հարցերը, այդ թվում օրինագծին դրական եզրակացություն տալ-չտալու, այն օրակարգում ներառել-չներառելու հարցերը ԱԺ-ն պետք է ինքը որոշի: Նա հիշեցրեց, որ 1991-92թթ. Արցախն ինքն էր դիմել Հայաստանին ճանաչման խնդրանքով, ինչի շուրջ նաեւ խորհրդարանում էին բանավիճում Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունը եւ ընդդիմությունը, իսկ աշխարհի որոշ երկրներ (օրինակ Լատինական Ամերիկայից) անգամ պատրաստ էին ԼՂՀ-ը ճանաչել: Անդրադառնալով այդ շրջանի անցուդարձին, երբ ՀՀ արտգործնախարը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, իսկ Շավարշ Քոչարյանը' ընդդիմություն եւ Արցախի ճանաչման մոլեռանդ կողմնակից' Սաֆարյանը հիշեցրեց, որ խորհրդարանում իր հրապարակային ելույթներով Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությանը եւ ընդդիմությանը առաջարկում էր ընդհանուր հայտարարի գալ ճանաչման անհրաժեշտության հարցում, սակայն ԼՂՀ ճանաչման ժամանակի ընտրությունը վերապահել ՀՀ նախագահին: Սաֆարյանը նաեւ հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ առաջին նախարարը ԼՂՀ անկախությունը ճանաչելու 5 հիմնական պատճառների մասին  հայերեն ու անգլերեն լեզուներով պաշտոնական տեղեկանք էր տարածում արտերկրում եւ աշխատանքներ տանում այլ երկրների հետ, ինչի արդյունքում 1991-92թթ-ին ճանաչման պատրաստակամություն հայտնած մի քանի երկրներն արդեն առկա էին, սակայն ՀՀ նախագահի կողմից ԼՂՀ ճանաչումը այդպես էլ տեղի չունեցավ: Այս փաստերի իսկությունը հաստատեց նաեւ փոխարտգործնախարար Շ.ՔոչարյանըՍաֆարյանը հայտնեց, որ այժմ էլ □Ժառանգության□ պատգամավորները հանդես են գալիս նույնատիպ առաջարկությամբ: Մինչդեռ այսօր կարեւորվում է նախեւառաջ միջազգային ճանաչման խնդիրը, հույսը բացառապես դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, սակայն միջազգային հանրության շրջանում աշխատանքներ չեն տարվում: Եզրափակիչ խոսքում Սաֆարյանը մասնավորապես նշեց. «Եթե հանձնաժողովի անդամները քվեարկությամբ դրական եզրակացություն չեն տալու օրինագծին, ինչի մասին վկայում են հայտնված տեսակետները, ինքը եւ հեղինակները չէին ցանկանա, որ հարցը օրակարգում ներառելու մերժումը լիներ մեր հասարակությանն ու արտաքին աշխարհին հղվող ուղերձը» Նա առաջարկեց օրինագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգել մինչեւ 90 օր' հույս հայտնելով, որ, միգուցե, ժամանակն ու հետագա զարգացումները կտարհամոզեն օրինագծին դեմ դիրքորոշում ունեցող կամ տատանվող գործընկերներին:

Այս խորագրի վերջին նյութերը