Լրահոս

15.10.2010 10:13


Orange նորարարության մրցանակ հայ ուսանողների համար

Orange նորարարության մրցանակ հայ ուսանողների համար

Orange-ը հիմնում է Orange Նորարարության մրցանակ հայ ուսանողների համար: Այդ մասին այսօր հայտարարել են Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի Պետական Համալսարանի կամ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա:  ՈւսանողներN իրենց հայտերն ու նախագծերը կներկայացնեն Orange Արմենիայի գրասենյակ: Նախագիծը հաստատվել է երեք տարվա համար' հետագայում երկարացման հնարավորությամբ: Առաջին մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ:

Հայաստանյան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է Հայաստանի այն երկու մեծ կրթական հաստատությունների' ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ռեկտորներին, որոնք պատրաստում են հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ, և ներկայացրել է նրանց Տեխնոկենտրոնի գործունեությունը և Orange Labs-երում հայ  ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները:

«Հայաստանը առանձնահատուկ երկիր է Ֆրանս Տելեկոմ Խմբի համար: Շատ կարճ ժամանակահատվածում Orange Արմենիան շշմեցուցիչ աշխատանք է կատարել նորարարության ոլորտում և կարողացել է գործարկել բազմաթիվ նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնք նույնիսկ շատ եվրոպական զարգացած շուկաներում դեռևս գոյություն չունեն:  Ես զարմացած եմ տեսնել, թե հայերը որքան են կարևորում և որոնում նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ: Սա նաև մի երկիր է, որն ունի նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, և մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք այդ գաղափարներին իրականություն դառնալ »,–ընդգծել է Իվ Տիրոդը:

« Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում, ինչը թույլ է տալիս մեզ ունենալ համաշխարհային ամենավերջին նորարարությունները:  Մենք շատ ուրախ ենք Տեխնոկենտրոնի հետ այս սերտ համագործակցության և ցուցաբերած մշտական աջակցության համար: Մեր այնպիսի նորարարական ապրանքներ և ծառայություններ, ինչպես HD ձայնը, Ֆլայբոքսը, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետը և այլն այստեղ գործարկվել են Տեխնոկենտրոնի հետ սերտ համագործակցությամբ: Մենք նաև ուրախ ենք լինել միջնորդ հայ տաղանդավոր ուսանողների համար, որպեսզի նրանք իրենց հմտությունները խորացնեն Տեխնոկենտրոնում »,- ասալ է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ'4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Տեխնոկենտրոնը, օգտվելով Orange Labs-երում ստեղծված գաղափարներից և տեխնոլոգիաներից, մշակում և առաջարկում է ճիշտ ապրանքներն ու ծառայություները ճիշտ պահին, Oraneg-ի գործունեության տիրույթում որքան հնարավոր է շատ երկրների համար: Տեխնոկենտրոնի' 22 ազգության 450 աշխատակիցներն աշխատում են Փարիզում, Լոնդոնում և Ամմանում:

Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ նմուշների ընտրանին կցուցադրվի Երևանում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի Orange-ի գլխավոր խանութում հոկտեմբերի 15-ից 17-ը և բաց կլինի լայն հանրության համար:

Այս խորագրի վերջին նյութերը