Քաղաքական

03.05.2016 13:55


Քաղտեխնոլոգ. «Վ. Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ստեղծումը կարող է որոշակի նյուանսներ մտցնել քաղաքական պայքարում»

Քաղտեխնոլոգ. «Վ. Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ստեղծումը կարող է որոշակի նյուանսներ մտցնել քաղաքական պայքարում»

Հանրապետական կուսակցությունը մոտավոր պատկերացում ունի, թե ինչպիսի Ազգային ժողով է ուզում տեսնել հաջորդ տարի, և, ըստ այդմ, ընդունում է այն Ընտրական օրենսգիրքը, որով պետք է այդ համայնապատկերը ձևավորի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ նոր Ընտրական օրենսգրքում չնայած որ գրված է 100% համամասնական ընտրակարգ, բայց, ըստ էության, դա մեծամասնական է՝ ռեյտինգային քվեարկությամբ:

-Հանրապետական կուսակցությունը, ինչպես ցույց են տվել սահմանադրական հանրաքվեն և նախորդ բոլոր ընտրությունները, եթե փող չբաժանի, Ազգային ժողով չի մտնի: Որպեսզի փող բաժանեն, պետք է այդ հարուստները շահագռգռվածություն ունենան, նրանք հաստատ զուտ նժդեհականության համար փող չեն բաժանելու: Եվ որպեսզի փող բաժանեն, պետք է նրանք այս մեծամասնականով անցնեն, իսկ քանի որ հիմա Սահմանադրությամբ, այսպես ասած, մեծամասնականությունը, իբր թե, վերացվել է, դնում են ռեյտինգային քվեարկություն, որը նույն մեծամասնականն է,- Բադալյանի խոսքն է մեջբերում «vesti.am»–ը։

Ըստ վերլուծաբանի՝ այս Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս և՛ քաղաքական գործիչ հանրապետականներին, և՛ փող բաժանողներին միասին մուտք գործել ԱԺ:

Ինչ վերաբերում է 2017 թվականից հետո խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայությանն Ազգային ժողովում, Բադալյանը նշել է.

-ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կհայտնվի թե չի հայտնվի՝ կախված կլինի Սերժ Սարգսյանից: Նա կուզի, որ ԲՀԿ հայտնվի, կհայտնվի, չի ուզի, չի հայտնվի: ՀԱԿ-ը էապես թուլացած է, և ինչպես նշեցի՝ հանրապետականները գիտեն՝ ինչ են ուզում, Կոնգրեսի մոտ դա չի երևում: Դաշնակցությանը տվեցին նախարարների պաշտոններ, էնքան որ իրենց նախարարներով իրենք կարողանան հաջորդ խորհրդարանում ինչ-որ տեղ իրենց համար ապահովեն, բայց դա էլ ցույց տվեց, որ դա էլ կիլնի այնքան, որքան կցանկանան հանրապետականները և Սերժ Սարգսյանը: Մնացած մանր–մունր ուժերը, ինչ-որ լուսավոր-մութավոր Հայաստաններ, տարբեր տեսակի պայմանագրեր և այլն, դրանք էական դերակատարություն չունեն քաղաքական դաշտում:

Ասուլիսի մյուս բանախոս քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ ասել, որ մասամբ համաձայն է Բադալյանի հետ, բայց, ըստ նրա, Վարդան Օսկանյանի նոր «Համախմբում» կուսակցության ստեղծումը կարող է որոշակի նյուանսներ մտցնել այս քաղաքական պայքարում:

–Ներքաղաքական կյանքը այժմ որոշակի անկանխատեսելիության էլէմենտներ պարունակում է,- նկատել է Հակոբյանը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը