Լրահոս

07.12.2009 14:51


«Ժառանգության» հայտարարությունը աղետի գոտու վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է այն բարձիթողի վիճակով, որում 1988թ. Սպիտակի երկրաշարժի 21 ամյակի նախաշեմին շարունակում է գտնվել աղետի գոտին: Մենք խիստ վրդովված ենք ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի' օրերս տարածած հաղորդագրության մեջ նշված այն աղաղակող փաստերից, ըստ որոնց' առ այսօր միայն Գյումրիում անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 4100 ընտանիք, իսկ այլ անօթեւան (աճած եւ կիսված ընտանիքներ, ներգաղթյալներ, սոցիալական  պատճառներով բնակարանները օտարած եւ տնակներում կացարան գտած եւ այլն) ընտանիքների թիվը 3500-ից ավելի է: Փաստորեն, այս տարեսկզբին գյումրեցիներին պետական բարձր մակարդակներով արված այն խոստումը, ըստ որի' մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման պետք է հանձնվեր 1320 նոր բնակարան (այսինքն' այդքան անօթեւան ընտանիք մինչեւ տարեվերջ տնակներից պետք է տեղափոխվեր քարաշեն բնակարան), մնացել է ընդամենը որպես իշխանությունների հերթական սուտ խոստում: Եւ դա այն դեպքում, երբ շինարարության հիմնական կապալառուին' իշխանական հայտնի շրջանակներին պատկանող «Գլենդել Հիլզ» ընկերությանը, «Ասպարեզ» ակումբի տվյալներով, այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից տրամադրվել են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պայմանները' նշված քանակով բնակարանները շահագործման հանձնելու համար:

Հասարակությանը վաղուց է հայտնի, որ մինչեւ ուղնուծուծը կոռումպացված իշխանությունների համար շինարարությունը մնում է խոշորածավալ յուրացումների իրականացման առավել «հարմար» ոլորտ: Սակայն հատկապես նողկալի է, որ դա շատ դեպքերում արվում է սոցիալապես խոցելի խավերի հաշվին: Հիշենք Հայաստանի որբ երեխաներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում բյուջետային միջոցներից միլիոնավոր դոլարների խայտառակ յուրացումների պատմությունը, որոնք բացահայտել էր «Ժառանգություն» կուսակցությունը եւ որի համար մինչեւ օրս ոչ ոք չի պատժվել եւ արդարությունը չի վերականգնվել: Ասվածի մեկ այլ վկայությունն են նաեւ Վերահսկիչ պալատի կողմից այլ ոլորտներում պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամների յուրացումների բացահայտումից հետո անգամ դրանց հեղինակներին դատախազության կողմից պատասխանատվության չենթարկելու բազմաթիվ փաստերը:

Չնայած այս ամենին' կառավարությունը իշխող կլանի ներկայացուցիչների եկամուտների անսասանությունն ապահովելու նպատակով բյուջեից հսկայական միջոցներ է տրամադրում' էլիտար կիսակառույցներն ավարտին հասցնելու, նաեւ նորերի շինարարությունը սկսելու նպատակով: Իշխանությունների երեսպաշտությունը հատկապես տեսանելի է դառնում այն ահազանգերից, որոնք մենք ստանում ենք իշխող կլանին չպատկանող տեղական եւ օտարերկրյա ներդրողներից առ այն, որ Երեւանում բազմաբնակարան շենքեր կառուցելու համար Ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի (ՃՀԱ) տրամադրումը հերիք չէ ձգձգվում է մինչեւ 6 ամիս, դրա տրամադրման դիմաց Երեւանի քաղաքապետարանը իրենցից "կամավոր-պարտադիր" նվիրատվության տեսքով շորթում է վերջնական բնակմակերեսի 2-3%-ը: Սա, ըստ էության, լրացուցիչ հարկ է շինարարական ոլորտի ներդրողների վրա, այն էլ ոչ թե գեթ շահույթի, այլ ամբողջ շրջանառության վրա, ինչը խոչընդոտում է թե՛ ոլորտի զարգացմանը, եւ թե՛ ներդրումներին ընդհանրապես:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Կառավարությունից' դադարեցնել երկրում համակարգային բնույթ կրող կոռուպցիայի հովանավորումը եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի իմիտացիայի փոխարեն իրական քայլեր ձեռնարկել, աղետի գոտու վերականգնման աշխատանքների կապալառուներին ընտրել թափանցիկ մրցույթների միջոցով, ապաեւ վերահսկել հատկացվող անհրաժեշտ միջոցների ծախսման արդյունավետությունը եւ 2010թ. վերջնական լուծում տալ աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների հարցին: Վերահսկիչ պալատից եւ իրավապահ մարմիններից պահանջում է պարզել աղետի գոտու վերականգնման 2009թ. ծրագրի տապալման պատճառները եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:

Այս խորագրի վերջին նյութերը