Լրահոս

08.12.2009 10:01


Օբաման և Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ

Օբաման և Էրդողանը հանդես են եկել հայտարարությամբ

Սպիտակ տանը 2 ժամ է տևած հանդիպումից հետո ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդես են եկել հայտարարություններով։

Ռեջեբ Էրդողանն ընդգծել է, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը՝ նպաստելու համար Իրանում միջուկային ճգնաժամի լուծմանը։ Իր հերթին Բարաք Օբաման ընդգծել է, որ Թուրքիան այդ հարցում կարևոր դեր կարող է խաղալ։ Նա նաև հավելել է, որ աշխարհի յուրաքանչյուր կետում ԱՄՆ-ը և Թուրքիան միշտ էլ վճռականորեն պայքարում են ահաբեկչության դեմ։ ԱՄՆ նախագահը Թուրքիային և թուրք ժողովրդին նաև իր երախտագիտությունն է հայտնել Աֆղանստանում ունեցած ներդրման համար։

«Թուրք վարչապետի հետ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ՆԱՏՕ-ում, հակահրթիռային պաշտպանության համակարգերում բարձրացնել Թուրքիայի դերակատարումը։ Ես շնորհավորել եմ Էրդողանին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ Մենք հերթական անգամ շեշտադրում կատարեցինք ահաբեկչության դեմ պայքարի վրա»,- ասել է Բ. Օբաման՝ հույս հայտնելով, որ իրենք Թուրքիայի հետ կամրապնդեն հարաբերությունները ոչ միայն ռազմական ոլորտում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում և ռազմավարական տեսանկյունից, այլ նաև տնտեսական ոլորտում։

«Թուրքիան մեծ երկիր է։ Երկիր, որն ազդում է նաև տարածաշրջանի երկրների վրա։ Երջանիկ եմ, որ Թուրքիային և այդ երկրի վարչապետին իմ ընկերն եմ անվանում։ Հուսով եմ, որ մեր հարաբերությունները փուլ առ փուլ կզարգանան»,-իր ելույթի վերջում ընգծել է Օբաման՝ ավելացնելով, որ Թուրքիան իր ծանրակշիռ ներդրումը կունենա ողջ մոլորակում խաղաղության հաստատման համար։

Իր հերթին Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, Իրանի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև էներգետիկական հարցերը։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների հարցը։ Գործընթացը մեծ նշանակություն ունի նաև հայ-թուրքական հարաբերությունների համար։ Մենք քննարկել ենք այն հարցը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արագացնի հակամարտության կարգավորման գործընթացը։ Կարող եմ ասել, որ այս մոտեցումը կարող է դրականորեն ազդել գործընթացի վրա։ Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև ահաբեչության դեմ պայքարի հարցը։ Շատ հարցերի լուծման համար Թուրքիան պատրաստ է անել ամեն հնարավորը։ Անհրաժեշտ է լուծել հարցերը և բարեկամական հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե թշնամի ձեռք բերել»,- հայտարարել է Էրդողանը։

Ըստ «ТРТ»-ի

Այս խորագրի վերջին նյութերը