Աշխարհ

02.06.2016 17:29


ՄԻԵԴ-ը բավարարել է Յունուսների հայցն՝ ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ-ը բավարարել է Յունուսների հայցն՝ ընդդեմ Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ հուլիսի 2-ին, բավարարել է Լեյլա եւ Արիֆ Յունուսների հայցն՝ ընդդեմ Ադրբեջանի:

ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի իրավապաշտպան ամուսինները հայցով բողոքել էին անազատության մեջ գտնվելիս իրենց ցուցաբերված անհամարժեք բժշկական օգնության կապակցությամբ:

ՄԻԵԴ-ը ամուսինների իրավունքների ոտնահարումը հաստատել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելք) եւ սահմանել փոխհատուցում՝ յուրաքանչյուրին 13 հազարական եվրո, ու եւս 4 հազարական եվրո՝ դատական ծախսերի համար:

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ նախնական կալանքի ժամանակ ամուսիններին չի ցուցաբերվել անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն, ինչը դատարանի կողմից գնահատվել է որպես խոշտանգում:

Ամուսինների բողոքը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության եւ անձեռնմխելիության իրավունք) եւ 8-րդ հոդվածի (իրավունքների սահմանափակում) մասով է: Այս բողոքները վերաբերում են ամուսինների նախնական կալանքի չհիմնավորվածությանը եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին:

Նշենք, որ Լեյլա Յունուսին մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ (պետական դավաճանություն), 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով), 192.2.2 (ապօրինի ձեռներեցություն), 213.2.2 (խոշոր չափի հարկերից խուսափում), 320.1 (վկայականի կամ այլ պաշտոնական փաստաթղթի կեղծում), 320.2 (320.1 հոդվածով նշված կեղծ փաստաթղթերի օգտագործում) հոդվածների հատկանիշներով։ Արիֆ Յունուսին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274 (պետական դավաճանություն) եւ 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով) հոդվածների հատկանիշներով։

Լեյլա Յունուսը դատապարտվել է 8․5, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման: 2015-ին նրանց դատավճիռը փոխարինվեց 5 տարվա պայմանական ազատազրկմամբ: իսկ արդեն այս տարվա ապրիլին 19-ին թույլ տրվեց նրանց հեռանալ Ադրբեջանից:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը