Քաղաքական

06.06.2016 10:27


Իրանի նախագահն այցելելու է Հայաստան

Իրանի նախագահն այցելելու է Հայաստան

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան‬ին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանի‬ն:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հասան Ռոհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում նախագահ Ռոհանին ընդգծեց, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը