Լրահոս

19.10.2010 15:28


ԲՀԿ–ՀՅԴ. «Կրթական համակարգում և բանակում կուսակցականացումը ընդունելի չէ»

ԲՀԿ–ՀՅԴ. «Կրթական համակարգում և բանակում կուսակցականացումը ընդունելի չէ»

Անդրադառնալով կրթական հաստատություններում և հատկապես բանակում երիտասարդների կուսակցականացմանը և քարոզչական գործունեությանը, ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ երիտասարդական միությունների ներկայացուցիչները քննադատել են այդ երևույթը։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը մասնավորապես նշել է, որ Դաշնակցությունը դեմ է կրթական համակարգի քաղաքականացմանը։ Նա նշել է, որ երկար ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները եղել են ԿԳ նախարար, բայց ԲՈՒՀ-ական համակարգերում ուսխորհուրդների նախագահները դաշնակացական չեն եղել։ Ինչ վերաբերում է բանակին, Ա. Ղազարյանն ասել է, որ դա ևս անընդունելի է, հատկապես երբ զինված ուժերն ընտրական գործընթացներին մասնակցում են բոլորին հայտնի ձևերով.

-Այստեղ հատկապես հոգեբանական վիճակի խնդիր կա։ 18 տարին լրացած զինվորն առաջին անգամ քվեարկում է, և նրա համար այդ ստիպողական քվեարկությունը հետագայում հետք է թողնում,-ասել է նա։

Նա նշել է, որ ՀՅԴ-ն միջոցառումներ է անցկացնում, և եթե ցանկություն են հայտնում, ըստ կուսակցության կանոնադրության անդամագրվում են։

ԲՀԿ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքերով՝ ուսանող թե արդեն մասնագետ, եթե ցանկանում է ինչ-որ մի քաղաքական ուժի անդամակցել, իր քաղաքացիական իրավունքն է։

Ինչ վերաբերում է բանակին, նա նշել է, որ զինվորը պետք է ծառայի հայոց հայրենիքին, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական հայացքների կամ նմանատիպ ուժերի։ Նա դիմել է Արթուր Ղազարյանին՝ հարցնելով, թե եթե Դաշնակցությունը դեմ է ուսանողների քաղաքականացմանը, ինչո՞ւ է գործում Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը։ Ի պատասխան Ա.Ղազարյանն ասել է, թե այդ միությունը համալսարանական բյուջեների հաշվին ոչ մի միջոցառում չի իրականացնում, ինչպես ուսխորհուրդները, որոնք այսօր քաղաքականացված են։ Նա նշել է, որ ուսանողական միությունն այլ բան է, ուսխորհուրդն այլ բան է։

Լրագրողի դիտարկմանը, թե ուսխորհրդի բոլոր նախագահները կամ  ՀՀԿ-ից են կամ ԲՀԿ-ից, Վահե Էնֆիաջյանը պատասխանել է, թե դա ինքն ընդունում է որպես հաճելի փաստ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը