Լրահոս

10.12.2009 19:09


Կիրո Մանոյան. «Ինչքան գործընթացն արագանա, այնքան ալիքը կբարձրանա»

Կիրո Մանոյան. «Ինչքան գործընթացն արագանա, այնքան ալիքը կբարձրանա»

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «7օր»-ին ասել է, որ շարունակելու են պայքարել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ, սակայն Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու տարբերակը սխալ է համարում։ Թեև հունվարի 12-ին ՍԴ-ի մոտ ՀՅԴ-ն իր բողոքի ակցիան իրականացնելու է։

- Եթե մենք պետք է ուզենք, որ 1000-5000-100 000 մարդ հավաքելով ՍԴ-ն ըստ այդմ որոշում կայացնի, մենք թերևս սխալ ուղղությամբ ենք տանում մեր երկիրը։ ՍԴ-ն պետք է իրավունքի, օրենքի հիման վրա որոշում կայացնի, ոչ թե՝ որովհետև դուրսը 100 000 մարդ կա կամ չկա,- ասել է Կ. Մանոյանը՝ ավելացնելով, որ այս հարցում ՀՅ Դաշնակցության ակտիվացումը կախված է համապատասխան գործընթացներից.  

-Պարզ է, որ ակտիվացումը պետք է համապատասխան լինի այն գործընթացներին, որ գնում են, որպեսզի այնպես չլինի, որ ալիքը բարձրանա, բայց գործընթաց չկա. չես կարող հասարակական ալիքը միշտ բարձր պահել։ Հասարակական ալիքը կարող ես բարձրացնել, երբ կա գործընթաց, երբ հատկապես խորհրդարան կհասնի։ Ինչքան գործընթացն արագանա, այնքան ալիքը կբարձրանա։ Պետք է համարժեք լինեն, որպեսզի իմաստ ունենա։

Կ. Մանոյանը նաև նշել է, որ իրենք երբեք չեն մոռացել, որ խորհրդարանում մեծամասնություն չեն.

-Դրա համար էլ վատ չենք զգում, որ չենք հաջողել առայժմ, բայց դա չի նշանակում, որ հաջողելու հնարավորություն չկա, որովհետև, ճիշտ է այլ խնդրի վերաբերյալ, բայց կա նախընթաց, որ մեծամասնության կողմից խորհրդարան ներկայացված օրենքի նախագիծը խորհրդարանի մեծամասնության կողմից մերժվել է,- ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատուն՝ ավելացնելով, որ փորձելու են  հասարակության միջոցով պատգամավորների առաջ այն խնդիրը բարձրացնել, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցը նրանց համար պետք է նույնքան կարևոր լինի, որքան հարկային փոփոխություններին վերաբերող օրենքը.

-Սա որպես մարդ, որպես հայ իրենց արժանապատվության վրա իր ազդեցությունը և հետքը թողնելու խնդիր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը