Քաղաքական

12.07.2016 13:54


Լավրով. «ԼՂ հարցով բանակցություններն ավելի քան երբևէ մոտ են հաջողությանը»

Լավրով. «ԼՂ հարցով բանակցություններն ավելի քան երբևէ մոտ են հաջողությանը»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները մոտեցել են հաջողության ավելի, քան նախկինում երբևէ եղել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ ավելի ենք մոտեցնում հաջողության հեռանկարին, քան կար մինչ այժմ»,–Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС–ը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում կայացած Պուտին–Սարգսյան–Ալիև հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չի բացահայտի։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը, Լավրովը հայտարարել է, որ դա կնպաստի սիրիական ճգնաժամի ավելի արդյունավետ լուծումների փնտրտուքին։

«Նաև այդ ամենը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի վրա»,–հավելել է ՌԴ արտգործնախարարը՝ ընդգծելով, որ որքան քիչ լինեն տարածաշրջանում խնդիրները, այդքան լավ կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։

Նաև տեղեկացրել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս շաբաթ Մոսկվա կմեկնի՝ քննարկելու Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և այլ հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը