Աշխարհ

20.07.2016 13:10


Սերժ Թանկյանը՝ երևանյան դեպքերի մասին

Սերժ Թանկյանը՝ երևանյան դեպքերի մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել.

«Աշխարհը, թվում է, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, ծայրահեղականության եւ մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների նկատմամբ: ԱՄՆ-ում անզեն սեւամորթ տղամարդկանց սպանությունները, ի պատասխան՝ ոստիկանների սպանությունները, Թուրքիայում հասարակության մի մասին ապօրինաբար փողոց դուրս հանելը՝ իբր ի պատասխան պետական հեղաշրջման փորձի, Հայաստանում ոստիկանության կոշտ միջոցներ կիրառելը՝ ի պատասխան զինված խմբի կողմից ոստիկանության գնդի գրավման, խաղաղ բնակիչների սպանությունները Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում, այսպես կոչված, ԻՊ-ի կողմնակիցների կողմից...

Ակնհայտ է մի բան՝ քաղաքակրթությունն իր ներկա վիճակով սպառել է իրեն: Խիստ անհրաժեշտ է պարզել՝ ինչպես հաղթահարել մարդու կողմից մարդու նկատմամբ բռնություն կիրառելու հիվանդությունը:

ԱՄՆ-ում մենք պետք է փոփոխությունների մշակույթ տեսնենք՝ սկսելով ոստիկանությունից:

Թուրքիայում մենք պետք է պնդենք մեր ձայնը՝ հանուն առաջադեմ փոփոխությունների եւ ընդդեմ Էրդողանի դոգմատիկ ռեժիմի:

Հայաստանում պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքից, որը քանդում է երկիրն անկախությունից ի վեր:

Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասար հնարավորություններ ապահովող միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, չափավորության եւ արդարության շնորհիվ»:

Այս խորագրի վերջին նյութերը