Քաղաքական

18.12.2009 12:10


Թուրք լրագորղները հայտարարել են, թե առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու՝ հայ–թուրքական արձանագրությունները չեն վավերացվի

Թուրք լրագորղները հայտարարել են, թե առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու՝ հայ–թուրքական արձանագրությունները չեն վավերացվի

Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել է, հայ և թուրք լրագրողների հանդիպման շրջանակներում Երևանում են թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ովքեր կարծես եկել էին միաբերան բարձրաձայնելու, թե Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նախապայմանը (թեև նրանք դա ժեստ էին որակում) Ղարաբաղի հարցում որոշակի առաջընթացն է։ Նրանցից էին նաև «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը և «Milliyet» օրաթերթի լրագրող Կադրի Գյուրսելը։

Մասնավորապես «Milliyet» օրաթերթի լրագրողը նշեց, թե չնայած արձանագրություններում ԼՂ-ի վերաբերյալ որևէ կետ չկա, սակայն ինչպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի սկզբում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ղարաբաղի խնդրում որևէ առաջընթաց չլինի, այդ արձանագրությունները չեն կարող վավերացվի, այնպես էլ մինչ օրս Թուրքիայի այդ տեսակետը չի փոխվել։

-Կարծում եմ, որ եթե առաջիկա ամիսներին Ղարաբաղի հարցում առաջխաղացում տեղի չունենա, իրատեսական չէ, որ արձանագրություններն առանց վավերացման կարող են այսպես պահվել,- կարծիք հայտնեց Կ. Գյուրսելը՝ ավելացնելով,-ես այն կարծիքին չեմ, թե հակառակ Ադրբեջանի՝ այդ արձանագրությունները կվավերացվեն... Թուրքիայում ամեն ինչը փակուղու մեջ է հիմա, քանի որ Արբեջանի գործոնը կա, ներքին խնդիրներն են առկա, և որպեսզի Թուրքիան որոշի առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, Ադրբեջանը կորցնելու հաշվին՝ ամեն դեպքում գնա արձանագրությունների վավերացման, ապա դրա համար պետք է այլ գործոններ առաջ գան, որոնք հիմա չեմ կարող ամբողջությամբ կանխատեսել։ Բայց կարող եմ  ասել, որ երբ Թուրքիայի շահերը սկսեն դժվարության մեջ մտնել և ոտնահարվել ինչ-ինչ պատճառներով, զարգացումներից ելնելով՝ այն ժամանակ միայն Թուրքիան կարող է իր տեսակետը, մոտեցումը փոխել։

Թուրք լրագրողը նաև հավելեց, թե անձամբ ինքը, ինչպես նաև Թուրքիայի կառավարությունը կնախընտրեին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատաման համար անհրաժեշտ գործոն չլիներ ԼՂ-ի հակամարտության կարգավորումը, սակայն իրական կյանքն այլ է, և Ադրբեջանից եկած ճնշումների ներքո իրենք պարտավորված էին այդ հարցն առաջ քաշել։

-Եթե ժամանակագրությանը նայենք, ապա կարծես թե այդ ճնշումը հետո ի հայտ եկավ։ Չնախատեսված ուժգնության ճնշման ենթարկվեցինք, որովհետև կարծում եմ՝ եթե նախօրոք Ադրբեջանը դիմեր այդ ճնշմանը, նախօրոք զգային այդ ճնշումն իրենց վրա, անպայման կա՛մ արձանագրությունների մեջ այդպսի կետ կմտցնեին, կա՛մ էլ գոնե ապրիլ ամսին, երբ Շվեյցարիայում այս արձանագրությունների մասին հայտարարվեց, արդեն կխոսեին այդ մասին։ Պետք է նշեմ նաև, որ Ադրբեջանից եկած ճնշումը, իհարկե, ազդում է նաև հասարակության վրա, և հասարակությունն էլ է սկսում այդ ճնշումը գործադրել կառավարության վրա։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Ղարաբաղյան հարցում առաջընթցն անհրաժեշտ է համարում նաև «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը։   

-Մենք այստեղ չենք խոսում միայն ղարաբաղյան խնդրի լուծման մասին, այլ խոսում ենք, որ կառավարության ձեռքը մի ուժ լինի, որով կարողանա Մեջլիսով անցկացնել արձանագրությունները,- հայտարարեց թուրք լրագրողը՝ ապացուցելու համար, որ կառավարությունը չի կարող ազդել խորհրդարանի վրա՝ բելերով այն օրինակը, որ թեև իրաքայան պատերազմի ժամանակ Թուրքիայի կառավարությունը շատ էր ցանկանում ընդառաջել ԱՄՆ-ի պահանջին և իր տարածքը տրամադրել տարանցման նպատակներով, սակայն իրենց երկրի խորհրդարանը մերժեց։

Եվ հետո, Ֆերհաթ Բորաթավի խոսքերով, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը և ԼՂ-ի խնդրի բարձրացումը չպետք է դիտել զուտ որպես Թուրքիայի և Ադրբեջանի կամակորություն ու միմիայն նրանց առնչվող խնդիր։

-Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան և Հայաստանը մի զույգ չեն, որոնք տանգո են պարում։ Սա շատ տարօրինակ մի պար է, որտեղ 5 հոգի են պարում։ Այս խնդրի մեջ են նաև Ամերիկան և Ռուսաստանը։ Թուրքիայում ոչ մեկը չէր սպասում, որ Ադրբեջանը հակառակ գնալու չափ այսպիսի մի արձագանք պետք է տար խնդրին։ Թուրքիան և Ադրբեջանը  մի շատ մեծ խաղի խաղացողներ են, որը կոչվում է արևելք- արևմուտք էներգիայի առանցք։ Սկզբում ոչ մեկը չէր երևակայի, թե Ադրբեջանը կարող է ասել, որ ինքն այս խաղից կարող է հեռանալ։ Եվ այս խաղի մեջ Ադրբեջանի մնալը միայն Թուրքիայի խնդիրը չէ։

Ի դեպ, փորձելով պատճառաբանել, թե որևէ արտառոց բան չկա, երբ Թուրքիան տեղի է տալիս Ադրբեջանին՝ «CNN Turk» հեռուստաալիքի լուրերի խորհրդատուն օրինակ բերեց հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սփյուռքյան շրջագայությունը։

-Ինչպես Սարգսյանը գնաց Սփյուռք՝ համոզելու, և այդտեղ ո՛չ մենք, ո՛չ էլ դուք արտառոց վիճակ չտեսանք, այնպես էլ արտառոց չպետք է համարել նաև այն, որ Թուրքիան այս խնդիրը քննարկում է Ադրբեջանի հետ։ Վերջիվերջո, Սարգսյանը համոզեց Սփյուռքին, բայց այսօր Թուրքիան ադրբեջանցիներին դեռևս չի կարողացել համոզել,- հայտարարեց թուրք լրագրողը՝ այդուհանդերձ մոռանալով, որ Սփյուռքը Հայաստանի մի բաղադրիչն է, իսկ Ադրբեջանը՝ առանձին պետություն։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը