Լրահոս

02.10.2016 11:20


Գյումրիի մշտական բնակչության թիվը ընտրողների թվից մի քանի հազարով պակաս է

Գյումրիի մշտական բնակչության թիվը ընտրողների թվից մի քանի հազարով պակաս է

Թեև Գյումրիում տարիներ շարունակ բնակչության թվի նվազում է արձանագրվում, վերջին մի քանի ընտրություններին ընտրողների թիվն այստեղ անփոփոխ է՝ շուրջ 126 հազար: Ընդ որում, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ Գյումրիի մշտական բնակչության թիվը 117 հազարից մի փոքր է ավելի, այսինքն՝ ընտրողների թվից մի քանի հազարով պակաս: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է Շիրակի մարզի բնակչության տեղաշարժը, իր դիտարկումն է ներկայացնում բնակչության թվի ու ընտրողների թվի զգալի տարբերության վերաբերյալ․

«Գյումրու բնակչության՝ առկա բնակչության թիվ է 2011 թվականին 114 հազար 420, իսկ մշտական բնակչության թիվը այստեղ տալիս է 2011 թվականին 121 հազար 976: Սովորաբար առկան ավելի ճշգրիտ թիվ է, քան մշտական բնակչության թիվը: Ստացվում է այնպես, որ քաղաքում ընտրողների թիվը ավելի շատ է, քան բնակչության թիվը մշտական»:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը, հիմնվելով իր իսկ ուսումնասիրությունների վրա, սեփական հաշվարկներն ունի, թե իրականում քանի ընտրող էր ունենալու Գյումրին:

«Եթե վերցնենք, օրինակ, Գյումրիի առկա բնակչության թիվը 2011 թվականի մարդահամարի տվյալներով, 114 հազար 420 է: Եթե այստեղից դուրս գանք մինչև ընտրության տարիքը, այսինքն՝ մինչև 18 տարեկանները, որոնց թվաքանակը 20 հազարը գերազանցում է, նշանակում է, որ ըստ առկա բնակչության տվյալների վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ 90 հազար է ընտրողների թիվը: Բայց իրականում դա էլ է մեծ ցուցանիշ, որովհետև ըստ տարբեր հետազոտությունների և հարցումների՝ տարեկան Գյումրիից 30 հազարից 35, նույնիսկ 40 հազար մարդ սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում աշխարհի տարբեր երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն, և ստացվում է, որ փաստացի ընտրողների թիվը մեր քաղաքում տատանվում է 45-ից մինչև 50 հազարի միջև», - ընդգծեց Բոյաջյանը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությանը, Բոյաջյանն այսպիսի վերլուծություն է անում․ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավելագույնը 50, 51, 52 տոկոս է մասնակցության առումով, ստացվում է, որ մեր քաղաքում առավելագույնը, ամենաբարձր ցուցանիշը, որ պիտի մասնակցություն լինի, ընտրողները մասնակցեն այդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ընտրությունների, պետք է տատանվի 30-ից 35 հազարի միջև․ մոտավորապես գնահատականը այդքանը պետք է լինի՝ ընտրողների թվային մասնակցությունը»:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը