Լրահոս

03.12.2010 12:43


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ նշում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության  հայաստանյան գրասենյակը «Փյունիկ» հաշմանդամների միության հետ նշեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և բացեց օժտված երեխաների և մեծահասակների ձեռարվեստի, արվեստի գործերի ցուցահանդեսը:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա ամենամյա հիշատակումը նպատակ ունի զարգացնել հաշմանդամության խնդիրների ըմբռնումը և համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, իրավունքների և բարեկեցության աջակցությունը: Այն նաև նպատակ ունի բարձրացնել իրազեկությունն այն ձեռքբերումների վերաբերյալ, որ կարող ենք ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում ներգրավելու արդյունքում:

Այս տարվա Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա թեման է. «Պահենք խոստումը. ընդգրկենք հաշմանդամության հարցերը Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ-ների) մեջ»: Սեպտեմբերին կայացած ՀԶՆ գագաթաժողովի ժամանակ աշխարհի ղեկավարների կողմից տրված խոստումների շարքում եղավ հանձնառություն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության  ներկայացուցիչն ասաց: «ՄԱԿ ՀՏՎ-ն Հայաստանում աջակցում է հայկական կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը, որոնք նպատակ ունեն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը և ապահովել նրանց ինտեգրումը հասարակություն: Շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի այն մի քանի անդամ երկրների թվում է, որոնք վավերացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որը  հաստատում է պետությունների իրավական պարտավորությունները' խթանելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»:

«Մենք պարտավոր ենք աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց' հաղթահարել հասարակության բացասական կարծրատիպերը և զարգացնել անհրաժեշտ հմտությունները' հասարակության ավելի ակտիվ անդամներ լինելու համար: ՄԱԿ-ի աջակցությունը կարևոր է մեզ համար»,- ասաց Հակոբ Աբրահամյանը' Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահը:

ՄԱԿ-ը ճանաչել է, որ մարդկության բոլոր անդամների արժանապատվությունը և հավասար իրավունքները աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմնաքարերն են: Այս սկզբունքներն են ՄԱԿ-ի աշխատանքի ուղղորդիչները, և ամրագրված են բազմաթիվ փաստաթղթերում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև Մարդու իրավունքների մասին միջազգային փաստաթղթերն ու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:    

Այս խորագրի վերջին նյութերը