Մեկնաբանություն

21.10.2016 09:14


«Կայուն ծանր» վիճակում գտնվող երկիրը

«Կայուն ծանր» վիճակում գտնվող երկիրը

Կարեն Կարապետյանի կողմից Կառավարության ծրագրի ներկայացմանը հաջորդած աշխուժությունը շատ արագ մարեց, և բոլորն սկսեցին գլուխները քորելով միմյանց հարց տալ՝ իսկ ի՞նչ կար այդ ծրագրում: Մեկն ասաց՝ անորոշությունները շատ են, մյուսը ծրագիրը բնութագրեց «դեկլարատիվ», երրորդը կասկած հայտնեց կոռուպցիայի և մենաշնորհների դեմ քաղաքական կամք դրսևորելու հարցում, չորրորդի համար անչափ հետաքրքիր էր իմանալ, թե արդյոք վարչապետն այնքան անկախություն կունենա՞, որ կարողանա գործել համարձակ և նպատակասլաց: Եվ այդպես շարունակ:

Ինչ խոսք, Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, ավերակված տնտեսություն է ժառանգել (Տիգրան Սարգսյանի կառուցած «Հայկական աշխարհի» հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան), և, ընդհանրապես, երկրում չկա մի ոլորտ, որում կուտակված հիմնախնդիրներ չլինեն:

Անցած ութ տարիներին Սերժ Սարգսյանն ու նախորդ Կառավարությունները տխուր ու ողբալի մի իրավիճակ են ստեղծել: Դե արի ու, նո՛ր վարչապետ, «էշը ցեխից հանիր»: Կարապետյանին էլ ուրիշ բան չի մնում անելու, քան ամեն բան զրոյից սկսելը: Դրա համար էլ ծրագրի տեքստում առնվազն 100 անգամ կարդում ենք «պետք է» բառը: Պետք է վերանայել, պետք է բարեփոխել, պետք է փոխել, պետք է... Թվեր, տոկոսներ, ժամկետներ չկան:

Հավանաբար, ՀՀԿ ղեկավարն է ասել, որ նման բաներ չլինեն: Ինչպես իր ելույթներում երբեք չեն եղել թվեր, տոկոսներ ու ժամկետներ: Ծրագրի առյուծի բաժինը նվիրված է տնտեսությանը (բնական է. այն մահամերձ վիճակում է, և վերակենդանացնել է պետք), մնացյալ հատվածը՝ Սփյուռք, մշակույթ, կրթություն և գիտություն, բնապահպանություն, Արցախի հետ համագործակցություն: Դրա համար էլ Կարապետյանը հանդես է գալիս «բժշկի» դերում և առայժմ հիվանդի ախտորոշումն է հրապարակում:

Ուշագրավն այն է, որ արտագաղթի մասին ոչինչ նշված չէ ծրագրում, թե, օրինակ, ինչպե՞ս է Կառավարությունը փորձելու կանխել մարդաթափությունը: Աղքատության, գործազրկության մասին էլ ոչինչ նշված չէ: Կարևորված և շեշտադրված են կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ներդրումների ներգրավման, բիզնեսի խրախուսման, քաղաքացիների շրջանում լավատեսություն ներարկելու հարցերը: Ինչպե՞ս, ի՞նչ «գործիքակազմով», դեռ պարզ չէ:

Ինչևէ, «բուժման կուրսը» սկսված է: «Կայուն ծանր» վիճակում գտնվող երկիրը կհաղթահարի՞ «հիվանդությունը» և դուրս կգա՞ այդ վիճակից, դրա համար ժամանակ է պետք: Էլի՛ ժամանակ է պետք: Եթե, իհարկե, չի սպառվել ժողովրդի համբերությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը