Մեկնաբանություն

28.10.2016 09:20


ՀՀԿ ղեկավարը «փոշմանել» է

ՀՀԿ ղեկավարը «փոշմանել» է

Բաղրամյան 26-ի իրական ծրագրերի, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի որոշումների, մտադրությունների և ցանկությունների մասին ՀՀ քաղաքացիները տեղականում են օտար լրատվամիջոցներից: Նման «ավանդույթի» հիմքը դրել է նույն ինքը ՀՀԿ ղեկավարը:

Այն, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասում է մի բան, իսկ մտքինն այլ բան է, դրանում համոզվել ենք բազմիցս: Կամ էլ տևական ժամանակ այս կամ այն հարցի մասին քար լռություն է պահպանում, իսկ հետո կատարված փաստի մասին խոսում է ամերիկյան կամ արաբական հեռուստաընկերություններին տված հարցազրույցների ժամանակ:

Հիշում եք՝ ապրիլյան պատերազմի օրերին և դրան հաջորդած շրջանում գաղտնի էր պահվում տարածքի կորստի մասին (էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը նշում էր 18 զոհի մասին, իսկ իրականում զոհերի թիվը, ցավոք, 100-ից ավելի էր): Սակայն ապրիլի 23-ին «Բլումբերգին» տված հարցազրույցում, նաև՝ «ինքնաթիռային» ասուլիսում, խոստովանեց, որ հայկական կողմը դիրքեր է զիջել, տարածքային կորուստ ենք ունեցել:

Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո տարիներ շարունակ չէր գաղտնազերծվում ղարաբաղյան խնդրի լուծման սարգսյանական դիրքորոշումը, կամ թե ինչպես էր նա պատկերացնում հիմնախնդրի լուծումը: Իսկ ապրիլյան պատերազմից հետո՝ «Բլումբերգի» հարցազրույցից երկու օր անց՝ ապրիլի 25-ին, «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը մանրամասնեց իր համար ընդունելի լուծման տարբերակը` հայտարարելով, որ կազանյան փաստաթուղթը ծավալուն փաստաթուղթ է, և դա է հիմքը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր»,- հայտարարեց Սարգսյանը:

Հիմա էլ նույն «Ալ Ջազիրային» կրկին հարցազրույց է տալիս և բացահայտում 2017-ի իր ծրագիրը: Պարզվում է՝ սահմանադրական «բարեփոխումների» գործընթացի մեկնարկին ոչ մի պաշտոնի չհավակնող Սերժ Սարգսյանը (ինչի մասին ինքն էր հայտարարել) հնարավոր է համարում վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը, եթե հաջորդ տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն «շատ լավ քվե ստանա»: Այսինքն՝ ոչ մի պաշտոնի չձգտող Սարգսյանը հիմա «փոշմանել» է և չի բացառում, որ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ամեն ինչ անելու է հերթական անգամ ընտրություններում շատ լավ տոկոս խփելու համար:

Սահմանադրությունը փոխելու գործընթացի սկզբում շատերն էին նշում, որ դրանով ՀՀԿ ղեկավարը սեփական վերարտադրության հարցն է լուծում, ինչը կտրականապես հերքում էին Բաղրամյան 26-ից:

Ոչ մեկի համար նորություն չէ ՀՀԿ ղեկավարի խոսքի և գործի ճչացող հակասությունը, ինչը տեսնում ենք արդեն 8 տարի: Զարմանալին այն է, որ բոլոր կարևորագույն հարցերում է բացահայտորեն խաբում սեփական ժողովրդին, իսկ երբ ամեն բան հարաբերականորեն հանդարտվում է, օտար լրատվամիջոցներին ասում է այն, ինչը պատրաստվում է անել: Ստին ու կեղծիքին վերջ տալ է պետք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը