Մեկնաբանություն

01.11.2016 00:05


Անոմալ երևույթներ խանութներում

Անոմալ երևույթներ խանութներում

Մի 15-16 տարի առաջ շատերին զայրացնում, շատերին էլ ծաղրի ու հեգնանքի առիթ էին տալիս խանութատերերը, որոնք իրենց խանութների դռների վրա հայտարարություն էին փակցնում հետևյալ բովանդակությամբ՝ «Պահանջվում են վաճառողուհիներ՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացությամբ: Մինչեւ 30 տարեկան: Համակարգչային հմտություններին տիրապետելը պարտադիր է»:

2000-ականներին սա համարվում էր արտառոց պահանջ, իսկ 30-նն անց կանայք եւ տղամարդիկ անիծում էին իրենց բախտը կամ էլ վռազ վերապրոֆիլավորվում էին: Այդ տարիներին մանր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ընտրության հնարավորություն ունեին: Նախ՝ արտագաղթը նվազել էր, ավելին՝ ներգաղթ էր արձանագրվել: Երկրորդ՝ կարողանում էին իրենց աշխատակիցներին նորմալ վճարել:

Այսօր համատարած բոլոր խանութների դռների ապակիների վրա կարելի է տեսնել հետևյալ հայտարարությունը՝ «Պահանջվում են վաճառողուհիներ եւ վաճառողներ»: Անխտիր բոլոր: Հայտարարության մեջ ոչ մի պահանջ չկա: Միայն աշխատող են ուզում, և կապ չունի՝ ինչ տարիքի և ինչ կարգի «հմտություններով»:

Մտեք ցանկացած խանութ և ձեզ կսպասարկեն առավելագույնը 4-5 մարդ (միջին կարգի խանութում) եւ առավելագույնը 10 մարդ (մեծ խանութում): Նախկինում դեռ չէիր հասցնում աչք նետել մի ապրանքի վրա, անմիջապես կողքիդ էր հայտնվում մի վաճառող եւ սիրալիր հարցնում. «Ի՞նչ է ձեզ պետք»,– և սկսում էր ամենայն մանրամասնությամբ ներկայացնել տեսականին:

Հիմա մտնում ես մի մեծ խանութ և սրահի ծայրից գոռում, որ մեկը հայտնվի ու պատասխանի քո հարցերին: Զարմանալի երևույթ:

Թվում է՝ բոլորն աշխատանք են փնտրում, գործազրկության ծավալներն ավելացել են, սակայն գործատուների խնդրանք-հայտարարությունը ոչ մի ներգործություն չի թողնում մարդկանց վրա: Վաճառողների սուր կարիք կա ամենուր:

Մի քանի խանութում հետաքրքրվեցի, թե ինչու աշխատող չունեն, եղած մեկ-երկու վաճառողները տրտնջացին. «Դե, 60-70 հազար դրամով ո՞վ կգա ու ամբողջ օրը էստեղ կցցվի... Մեր աշխատողներից շատերն էլ արտագաղթել են... Առևտուր էլ չկա... Էս աղքատավարձն էլ հազիվ տրանսպորտին ու չոր հացին է հերիքում»:

Տնտեսագետները, բնականաբար, կարող են բացատրել էս անոմալ երևույթի պատճառները, որը խորքային է և իմ խելքի բանը չէ: Միայն կարող եմ ենթադրել, որ խանութատերերը ճռռում են հարկերի բեռան տակ և նորմալ աշխատավարձով վաճառող պահել չեն կարողանում: Ինչի հետևանքով էլ վաճառող-վաճառողուհիները հերթով հեռանում են: Ցավալիորեն, նաև երկրից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը