Լրահոս

23.12.2009 11:33


Հակոբ Գրիգորյան. «Մենք պատրաստ ենք հակահարված տալու»

«Ազատամարտի վետարանների միություն» կուսակցության նախագահ Հակոբ Գրիգորյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք  միշտ կողմնակից են եղել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

-Հաշվի առնելով Արբեջանի ռազմատենչ հայտարարությունները, փաստորեն, տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը չի համակերպվում այն մտքի հետ, որ խաղաղ կարգավորումը հօգուտ մեզ կարող է լինել։ Ես կարծում եմ, որ նրանք ուզում են այդ եղանակով ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա,-ասել է նա։

Ըստ Հակոբ  Գրիգորյանի՝ խաղաղ կարգավորման գործընթացն իրենք պատկերացնում են միայն  Ղարաբաղի ինքնության և նրա անվտանգության  գոտիների ճանաչման ուղիով։ Նա նշել է, որ չի բացառում նաև այն, որ Ադրբեջանն ուզում է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, սակայն իրենք դրանից չեն վախենում։

- Սա իմ անձնական կարծիքն է, որ միգուցե ադրբեջանական կողմը  մտածում է, որ արդեն այնքան բավարար հնարավորություններ ունի ռազմական առումով, որ կարող է ինքնուրույն պատերազմ սկսել, սակայն 1991թ. նույնպիսի հայտարարություններ էին հնչում, և նրանց պաշարները գրեթե 3-4 անգամ գերազանցում էին մերինին, բայց արդյունքը գիտեք։ Վերջին հաշվով՝ դա մեզ չի հետաքրքրում, և եթե այդ ռազմատենչ հայտարարությունները պետք է կյանքի կոչվեն, մենք պատրաստ ենք հակահարված տալու, և բնականաբար՝ իրենց համար վատ է լինելու,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ իր կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտը դեռ շատ հեռու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը