Լրահոս

24.12.2009 16:01


Թերթերի խմբագիրները բողոքում են օրենսդրական փոփոխություններից

Թերթերի խմբագիրները բողոքում են օրենսդրական փոփոխություններից

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ամփոփելով 2009թ.-ն, ասել է, թե լրագրողների նկատմամբ դարձյալ ճնշումներ են եղել, և որ տպագիր մամուլի համար բավական բարդ տարի է եղել։

Անդրադառնալով մամուլի մասին օրենքի վերաբեյալ ԱԺ օրենսդրական փոփոխությունների փաթեթին՝ նա նշել է, որ միանշանակ բացասաբար է վերաբերվում դրանց։

-Նոր խստացումներ, նոր փոփոխություններ մտցնելով՝ մեր աշխատանքն ավելի կբարդացնեն։ Եթե Հայաստանի նման չկայացած դատական համակարգ ունեցող երկրում մտցվում է բարոյական վնասի փոխհատուցման մասին օրենք, դա միայն բացասական կարող է անդրադառնալ մամուլի վրա։ Եթե լիներ արդար դատական մարմին, որ դու վստահ լինեիր, որ քո ներկայացրած փաստարկներից դատարանն անաչառ հետևություններ կանի, այդ դեպքում հանգիստ կլինեինք, որովհետև բարոյական վնասի ինստիտուտ իսկապես կա աշխարհում։ Բայց ելնելով այս իրականությունից՝ մենք մեծ մտավախություն ունենք այդ փոփոխությունների հետ կապված,-ասել է Արմինե Օհանյանը։

Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանն ասել է, որ օրենսդրական այդ փոփոխություններն իրեն ուրախացնում են։

-Ակնհայտ է, որ այդ փոփոխությունն ուղղված է իշխանություններից անկախ մամուլի միջոցների դեմ, և եթե իշխանությունն ամեն առավոտ արթնանալով՝ մտածում է՝ ինչ անի՝ այդ մի միջոցը փակի, ուրեմն այդ անկախ լրատվամիջոցներն աշխատում են շատ լավ և խփում են ճիշտ կետին, ու դա ինձ այդ իմաստով ուրախացնում է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը