Լրահոս

03.11.2010 14:40


Արտահերթ խորհրդարանական ընտրությունները գրվեցին սառույցի՞ն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները գրվեցին սառույցի՞ն

«Հայացք» ակումբում կայացած մամլո ասուլիսի  ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը անդրադառնալով ՀՀ ներքաղաքական խնդիրներին՝ հայտարարել է, թե ՀԱԿ-ն անում է իր գործն ու այն հասցնելու է իր հաղթական ավարտին։

Այն հարցին, թե որքա՞ն ձայն կհավաքի ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին, նա պատասխանել է.

-Մենք  գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների։

-Շրջանցելով խորհրդարանակա՞նը,-հետաքրքրվել է լրագրողը, որին ի պատասխան' Դավիթ Շահնազարյանը ժպտացել է, ու ասուլիսն ավարտվել է։

«Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն էլ ասել է, թե երբ խոսվում է արտահերթ ընտրությունների մասին, խոսքը, բնականաբար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին չէ, և արտահերթ ասելով' հավանաբար պահանջվում է արտահերթ նախագահական ընտրություն, այսինքն նախագահի հրաժարական։

-Մինչ այդ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման որևէ նախադրյալ չի երևում,-ասել  էր նա։

Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչները, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, շեշտում էին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին և հերթական խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերին չէին պատասխանում։

Մասնավորապես, գարնանը ՀԱԿ-ը վերջանագրի տեսքով իշխանություններին հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ էր ներկայացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը