Լրահոս

25.12.2009 17:19


Գագիկ Ջհանգիրյանը կասկածողներ է ման գալիս

Այսօր Գյումրու «Հայ ազգային կոնգրեսի» գրասենյակում հյուրընկալվել և լրագրողների հետ են հանդիպել ՀԱԿ ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սմբատ Այվազյանը և Պետրոս Մակեյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները հիմնականում անդրադարձել են Հայաստանի դատաիրավական համակարգին և այն խիստ քննադատության ենթարկել:

«Ըստ էության, մենք այսօր չունենք ո՛չ ինքնուրույն դատախազություն, ո՛չ ինքնուրույն նախաքննական մարմիններ, ո՛չ էլ անկախ դատարան. դա փաստ է: Դրանք բոլորն էլ դարձել են գործադիր իշխանության մի գործիք, որով այսօր քաղաքական հետապնդումներ են իրականացվում: Ապացույցը մեր քաղբանտարկյալ ընկերներն են»,-ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե նման իրավիճակ չէ՞ր արդյոք Գ. Ջհանգիրյանի՝ զինդատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ եղած ժամանակաշրջանում, Ջհանգիրյանն արձագանքել է. «Ես մոտ 10 տարի եղել եմ զինվորական դատախազ, և եթե Դուք կարող եք վկայակոչել որևէ գործ, որտեղ դատվել ու դատապարտվել է որևէ անմեղ զինծառայող, խնդրե՛մ, դա՛ վկայակոչեք, և երկրորդ՝ իհարկե դատաիրավական համակարգը երբեք կատարյալ չի եղել Հայաստանում. այն կատարյալ չի եղել թե՛ առաջին նախագահի օրոք, թե՛ երկրորդ նախագահի և թե՛ այժմ: Բայց ապօրինությունների այն ծավալն ու մասշտաբները, որ այսօր կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, երբեք չեն եղել»:

Նշենք, որ տարօրինակ զուգադիպությամբ այս օրերին Գյումրիում ընթանում է, այսպես կոչված, Մատաղիսի գործով դատավարությունը, որտեղ 3 նախկին զինծառայողներ մեղադրվում են Մատաղիսի զորամասում մեկ այլ զինվորի սպանության մեջ: Նրանք սկզբում դատապարտվել են ցմահ բանտարկության, սակայն հետագայում արդարացվել են: Սակայն դատախազությունը նորից վերաբացել է գործը, և այժմ կրկին դատավարություն է ընթանում: Ընդ որում, մեղադրվողներն իրենց ներկայացված մեղադրանքներն ապօրինի են համարում և այն կապում են Գագիկ Ջհանգիրյանի անվան հետ:

Բանախոսները 2009թ.-ն գնահատել են բավական ակտիվ տարի և ՀԱԿ-ի համար մեծ հաջողություն են համարել նախկին քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Իսկ հարցին, թե, ի վերջո, իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, Գագիկ Ջհանգիրյանը բացականչել է. «Հիմա Դուք կասկածո՞ւմ եք։ Մենք էլ չենք կասկածում: Ընդ որում, մենք կասկածող ենք ման գալիս: Ո՞վ է այստեղ կասկածում, ժողովո՛ւրդ. մենք չենք կասկածում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը