Լրահոս

28.12.2009 16:41


ՀԱԿ հայտարարություն

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։

 Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, Ազգային Միաբանությունից առաջադրված, գեղամյանական դրածո մրցակից թեկնածուի նախընտրական շտաբից, նախապես կազմակերպված, նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդների վրա են հարձակվել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 բանդիտներ՝ խլել քարոզչական նյութերը՝ պահանջելով չբաժանել դրանք։ Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Նրանցից 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երկուսը, ավելի լուրջ վնասվածքներով, պահվել են հետագա բուժումը շարունակելու համար։ Դեպքից ուշացած ոստիկանությունը տուժողների հետ հանդիպել է միայն հիվանդանոցում։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով, իրականացրել է 10/19 եւ 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը։ Իսկ գեղամյանական թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության ու նրա սպասարկուների կեղտոտ այս սադրանքը եւ գործի է դնելու դրանց հակազդելու քաղաքական բոլոր մեխանիզմները։ Իշխանության այսօրինակ ճարահատ ու մեղկ քայլերը երբեւէ չեն ազդել մեր վճռականության վրա, այլ միայն քայքայել են վարչախմբի հիմքերը եւ ամրացրել պայքարի մեր ոգին ու շարքերը։ Իսկ բոլոր հանցագործներն անպայման պատասխան են տալու օրենքի առջև։

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը